HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիայի սենատը Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանման կոչով բանաձև է ընդունել

Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, Հայաստանի տարածքային ամբողջականությանն աջակցելու վերաբերյալ բանաձև է ընդունել, ինչպես նաև կոչ արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ Արցախում նախորդ տարվա սեպտեմբերին Բաքվի սանձարձակ հարձակման համար։

Բանաձևի նախագծին կողմ է քվեարկել 336 սենատոր, դեմ՝ 1-ը: Ընդհանուր առմամբ, նիստին ներկա է եղել 339 սենատոր։

«Կոչ ենք անում կառավարությանը՝ եվրոպացի գործընկերների հետ միասին Ադրբեջանի նկատմամբ ձեռնարկել բոլոր դիվանագիտական միջոցները՝ Հայաստանի դեմ կրկնվող ագրեսիվ գործողությունների համար»,- ասված է փաստաթղթի տեքստում։

Բանաձևի հեղինակները կոչ են անում հասնել նաև «Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ամբողջական վերանայմանը» և պատժամիջոցներ սահմանել Բաքվի նկատմամբ, ներառյալ «ռազմական ագրեսիայի համար Ադրբեջանի ղեկավարության միջոցների բռնագրավումը և Ադրբեջանից գազի և նավթի մատակարարման էմբարգոն»։

Առանձին առաջարկվում է պատժամիջոցների սպառնալիքով Բաքվից հասնել քաղաքացիական և ռազմական գերիների ազատ արձակմանը, ինչպես նաև զոհված հայ զինծառայողների մարմինների վերադարձին։

Բանաձևի տեքստում նշվում է նաև Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության մշտական խախտումների և հայկական տարածքով «Զանգեզուրի լեռնաշղթայով տրանսպորտային միջանցք ստեղծելու հայտարարված պլանների» մասին, որն ըստ Բաքվի Ադրբեջանի արևմտյան շրջանները պետք է կապի Նախիջևանի հետ։

Այս առնչությամբ ֆրանսիացի սենատորները հիշեցնում են Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ֆրանսիայի հավատարմության մասին և հանդես գալիս Հայաստանի տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման պահանջով: Նրանք նաև կողմ են արտահայտվել Լեռնային Ղարաբաղ հայերի անարգել վերադարձին։

Սա առաջին բանաձևը չէ, որը կոչ է անում արցախյան հակամարտության ֆոնին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Վերջին նման բանաձևն ընդունվել էր 2022 թվականի նոյեմբերին, սակայն այդ ժամանակից ի վեր Փարիզը պատժամիջոցներ չի սահմանել Բաքվի նկատմամբ։ Ֆրանսիացի սենատորները նաև կոչ էին անում ճանաչել Արցախի անկախությունը։

Ադրբեջանի խորհրդարանում արձագանքել են ֆրանսիական սենատի այս բանաձևին։ Միլի մեջլիսի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հարցերով հանձնաժողովի հայտարարության մեջ նշվում է, որ խորհրդարանական հանձնաժողովը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում Փարիզի հետ դադարեցնել տնտեսական հարաբերությունները։

Բացի այդ, ադրբեջանցի պատգամավորներն առաջարկում են «Ադրբեջանում սառեցնել ֆրանսիացի պաշտոնյաների ցանկացած ակտիվ, եթե դրանք հայտնաբերվեն»։

Ադրբեջանցի պատգամավորների առաջարկների թվում է նաև այդ երկրից ֆրանսիական բոլոր ընկերությունների, այդ թվում Total-ի, դուրսբերումը, ինչպես նաև ադրբեջանական իշխանությունների պատվերով ցանկացած նախագծին ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը։

Լուսանկարը՝ Alessandro Grussu/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter