HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Ավինյանը պնդում է՝ Երևանի օդի աղտոտվածության մասին «վախենալու լուրերը» իրականությանը չեն համապատասխանում

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախորդ շաբաթ՝ դեկտեմբերի 29-ի մամուլի ասուլիսի ժամանակ պնդեց, որ Երևանի օդի աղտոտվածության մասին  տվյալները, որոնք հայտնվում են տարբեր կայքերում, չեն համապատասխանում իրականությանը։

«Ես էլ, անկեղծ ասած, որոշ ժամանակ առաջ մի կայքի էի հանդիպել, ահասարսուռ, վախենալու տեղեկատվություն էր տրամադրում, որ ամենավատ քաղաքների շարքում ենք օդի աղտոտվածության տեսանկյունից։ Ուզում եմ ձեզ վտահեցնել, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Մենք կարող ենք վստահ ասել, որովհետև ինքներս ունենք Երևան քաղաքում տեղադրված օդի որակի սարքեր»,- ասուլիսի ընթացքում հայտարարեց Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետարանի տեղադրած սարքերի մասին նախկինում գրել ենք։ 2022 թվականի օգոստոսին օդի որակը դիտարկող սենսորային 5 տվիչներ էին տեղադրվել մայրաքաղաքում՝ տրանսպորտային նոր երթուղիների բնապահպանական ռիսկերը գնահատելու համար։  Սարքերի արձանագրած ցուցանիշները հասանելի են Clarity ընկերության առցանց քարտեզում և թարմացվում են ժամը մեկ։ 5 սարքերից 2-ի ցուցանիշները, սակայն, այս պահին հասանելի չեն կայքում: Քաղաքապետարանի բնապահպանության վարչության գլխավոր էկոլոգ Գորիկ Ավետիսյանը նախորդ ամիս մեզ հայտնել էր, որ տեխնիկական խնդիր կա, սպասարկող կազմակերպությունը խոստացել է կարգավորել: Ցուցանիշները դեռ հասանելի չեն կայքում։

«Հետքը» վերջին շաբաթվա ընթացքում դիտարկել է Երևանի օդի աղտոտվածության մակարդակը՝ համեմատելով մի քանի ցուցանիշներ։

Մայրաքաղաքի կենտրոնում տարին սկսվել է օդի աղտոտվածության՝ նորմայից բարձր մակարդակով։ Այս մասին փաստում են թե՛ քաղաքապետարանի տեղադրած Clarity ընկերության սարքերի, թե՛ միջազգային IQAir կայքում ներկայացված ցուցանիշները։ Կենտրոնում IQAir հարթակը երկու հասցեից է տվյալներ ստանում՝ Հյուսիսային պողոտայից և Սիրահարների այգուց։ Քաղաքապետարանն էլ սենսորային սարք տեղադրել է Կրկեսի հարևանությամբ։ Դիտարկել ենք օրական միջին արժեքները, նկատել, որ երկու աղբյուների տվյալներով էլ մայրաքաղաքում օդի աղտոտվածության մակարդակը վերջին շաբաթում միջինից բարձր է եղել։ 

Նախորդ շաբաթվա ընթացքում IQAir կայքի օրական միջին ինդեքսը մի փոքր է բարձր եղել քաղաքապետարանի տեղադրած սարքի արդյունքից։

Կրկեսի հարևանությամբ օդի մոնիթորինգի անշարժ դիտակայան ունի նաև Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Նման դիտակայաններից ստացված տվյալներով օդում աղտոտիչների խտության ցուցանիշները լաբորատոր փորձաքննությամբ են որոշվում, օրական միջին մեկ թիվ է հնարավոր լինում ստանալ։ Եթե սենսորային սարքերը օդի աղտոտվածության ցուցանիշը հաշվում են օդում փոշու մանր մասնիկների (PM2.5) խտությամբ և օրվա տարբեր ժամերին օդի որակն են արձանագրում, ապա «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» նման չափումներ անելու հնարավորություն չունի․ օդում փոշու ընդհանուր պարունակությունն են որոշում։  Մեթոդները տարբեր են, սակայն Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկի դիտակայանում փոշու խտությունը այս չափումներով էլ թույլատրելիից մի քանի անգամ ավելի է լինում հիմնականում։ Այս շաբաթվա տվյալները դեռ հրապարակված չեն, սակայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից» հայտնում են՝ փոշու քանակի գերազանցումներ այս շաբաթ էլ են նկատվել։

Ավինյանը ասուլիսի ընթացքում անդրադարձավ նաև շինհրապարակներում օդի որակը դիտարկող սարքերին։ Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 1-ի որոշման համաձայն՝ կառուցապատողները մայրաքաղաքի 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտներում պետք է օդի որակը դիտարկող սարքավորումներ տեղադրեն։ Օդի մոնիթորինգի սարքերը պետք է միացված լինեն առցանց հարթակին։ Ի տարբերություն ավելի վաղ տեղադրված սարքերի՝ շինհրապարակների օդի որակի ցուցանիշները միայն Երևանի քաղաքապետարանին են հասանելի լինելու։ 

«Նախաձեռնել ենք նաև օրենսդրական փոփոխություն, որով կառուցապատողների նկատմամբ տուգանքները էականորեն մեծացրել ենք։ Հիմա փոքր է գումարը՝ 70-200 հազար։ Էդ գումարները էականորեն ավելացրել ենք, որպեսզի տուգանքը էական դառնա, ու բոլորը պարտավորված լինեն, ստիպված լինեն իրականացնել այդ ծրագրերը»,- նշեց քաղաքապետը։

«Հետքին» քաղաքապետարանից հայտնում են՝ սարքերը դեռ տեղադրված չեն, սակայն ակտիվ քննարկումներ են ընթանում կառուցապատողների հետ։ 

Թեև, ըստ Ավինյանի, Երևանի օդի աղտոտվածության մասին «վախենալու լուրերը» իրականությանը այդքան էլ չեն համապատասխանում, քաղաքապետը նշում է՝ դրանից մեր խնդիրները չեն լուծվում։

«Այս համալիր միջոցառումների մեջ ամենակարևորը կանաչապատման աշխատանքներն են։ Գալիք հնգամյակում պլանավորում ենք 250-300 հա նոր կանաչ տարածքներ ունենալ, և ԱՄՀ ստանդարտով մենք նվազագույն շեմը՝ մեկ շնչի հաշվով 8 քառ․ մետրը (Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության չափանիշների՝ մեկ շնչի հաշվով անհրաժեշտ է նվազագույնը 9 քմ կանաչ տարածքի առկայություն,- հեղ․), կանցնենք»,- ասաց Ավինյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter