HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Երևանը մառախուղի՞, ծխի՞, թե՞ փոշու մեջ է․ ինչ են ցույց տալիս թվերը

Վերջին օրերին Երևանն ասես մշուշի մեջ լինի։ Դեկտեմբերի 6-ին միջազգային հիդրոօդերևութաբանական հարթակների տվյալները ցույց էին տալիս, որ Երևանում օդի աղտոտվածության մակարդակը խիստ վտանգավոր էր առողջության համար։ Օդում PM2.5-ի (փոշու տարանջատված մասնիկների) պարունակությունը մի քանի տասնյակ անգամ գերազանցում էր Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած թույլատրելի կոնցենտրացիան։ «Հետքը» անդրադարձել էր այս ցուցանիշներին։

Երևանում օդի մոնիթորինգի անշարժ 5 դիտակայան կա։ Դրանք տեղադրված են Կենտրոն (2), Նոր Նորք, Շենգավիթ և Արաբկիր վարչական շրջաններում։ Այս անշարժ կայաններում ամեն օր դիտարկվում է մթնոլորտային օդի որակը։ Շաբաթը մեկ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ն ամփոփում է դիտակայաններից ստացված ցուցանիշները։ 

Մոնիթորինգի միջոցով որոշվում է փոշու, ծծմբի երկօքսիդի, ազոտի երկօքսիդի և գետնամերձ օզոնի պարունակությունն օդի մեջ։ Դիտարկվող ցուցանիշներից հիմնականում փոշին է նորմայից ավել լինում։

Ըստ մոնիթորինգի տվյալների՝ վերջին շաբաթվա ընթացքում օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի գրեթե բոլոր դիտակայաններում։ Նորմային մոտ է եղել Շենգավիթում գտնվող դիտակայանի ցուցանիշը։

Դեկտեմբերի 6-ին Կենտրոնի Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկի դիտակայանի տվյալները ցույց են տվել, որ օդում փոշու պարունակությունը նորմայից բարձր է եղել շուրջ 4 անգամ՝ թույլատրելի 0.15 մգ/խմ-ի փոխարեն՝ 0.57 մգ/խմ։ Քաղաքի վատագույն ցուցանիշները հիմնականում այս դիտակայանում են գրանցվում։

Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկի դիտակայանի տվյալների համաձայն՝ նոյեմբերին օդում փոշու պարունակությունը միայն երկու օր չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանն ասում է՝ նման վայրիվերումներ Երևանում հաճախ են լինում։

«Եթե եղանակը խոնավ չէ, պատճառը հիմնականում քամու ուժգնացումն է լինում, ինչի հետևանքով փոշի է բարձրանում։ Եթե բոլոր դիտակայաններում է նման պատկեր լինում, կարող ենք ասել, որ քամուց է, իսկ եթե առանձին դիտակայաններում են բարձր ցուցանիշներ գրանցվում, ուրեմն խնդիրը տեղային է»,- ասում է Շահնազարյանը։

Շահնազարյանի խոսքով՝ օդի աղտոտվածությունը նվազեցնելուն ուղղված որոշումներ կան, բայց շատ գործընթացներ այս պահին սառեցված են։ «Հետքը» առաջիկայում կանդրադառնա նաև այս որոշումներին։

Գլխավոր լուսանկարը՝ Սյուզաննա Օհանյանի, Հետք Մեդիա Գործարան

Մեկնաբանություններ (1)

Էդգար
Իսկ հնարավոր է հաջորդ անգամ հրապարկեք միջին թվերը տարվա համար և ընդհանրապես ի՞նչ դիմամիկա կա. շնորհակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter