HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Որոշումից երեքուկես ամիս անց շինհրապարակներում օդի որակը դիտարկող սարքավորումներ դեռ չեն տեղադրվել

Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել շինարարական հրապարակներում լրացուցիչ սարքավորումներ տեղադրելու նորմերի վերաբերյալ Երևանի ավագանու որոշումըՈրոշման համաձայն՝ կառուցապատողները մայրաքաղաքի 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտներում պետք է օդի որակը դիտարկող սարքավորումներ տեղադրեն։ Որոշումից երեքուկես ամիս անց ակտիվ շինարարության փուլում գտնվող շինարարական օբյեկտներից ոչ մեկում սարքերը դեռ տեղադրված չեն։

Օդի մոնիթորինգի սարքերը պետք է միացված լինեն առցանց հարթակին՝ հնարավորություն տալով համայնքին տվյալների ստուգաչափում իրականացնել։

Քաղաքը շինարարական փոշուց պաշտպանելու համար Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին նաև պարտադրում է շենքեր և շինություններ կառուցելու ընթացքում շինարարությանը համապատասխան բարձրությամբ 180 գրամ/քմ խտությամբ ցանցով ծածկել կառույցը:

Շինանյութի տեղափոխումը, պահպանումը պետք է կազմակերպվի անթափանց թաղանթներով, պահեստավորումը՝ փակ տարածքներում կամ ծածկերով:

Մայրաքաղաքի փողոցները չաղտոտելու համար մեքենաները տարածքից պետք է դուրս բերվեն հատուկ մետաղական հարթակի վրա լվանալուց հետո:  

Ավագանին սահմանել է նաև շինհրապարակների կազմակերպման պահանջներն ու տեղում անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ նախագծից մինչև շինթույլտվություն:

Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանն ասում է՝ 4-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտները հիմնականում բազմաբնակարան բնակելի շենքերն են, 5-րդը՝ ռազմավարական նշանակության օբյեկտները։

«5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտների՝ ընթացքում գտնվող շինարարություն չունենք, այսինքն՝ խոսում ենք միայն 4-րդի մասին։ Մենք ֆիքսել ենք մոտ 250 շինարարական օբյեկտ, որոնք ակտիվ շինարարության փուլում են, ուստի պարտադիր են էդ բոլոր բաղադրիչները»,- ասում է Ասատրյանը։

Երևանի քաղաքապետի՝ նոյեմբերի 29-ի որոշմամբ սահմանվել են սարքավորումների տեխնիկական չափորոշիչները և առցանց հարթակի հասանելիության պայմանները։ Երևանում դեռ ոչ մի շինհրապարակ կահավորված չէ օդի որակը դիտարկող սենսորային սարքերով։ Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի խոսքով՝ այս շաբաթվա դրությամբ սարքեր տեղադրելու համար 78 կազմակերպություն է դիմել։ Քանի որ հնարավոր է, որ մի կառուցապատողը մի քանի շինհրապարակի համար դիմի, անհրաժեշտ սարքերի թիվն իրականում կարող է ավելի մեծ լինել։

«Բնապահպանության վարչությունը ներկայացրել է տեխնիկական պայմանները։ Այսինքն՝ ցանկացած կառուցապատող հնարավորություն ունի սարքերը պատվիրել, գնել ինչ-որ տեղից, եթե չափանիշներին համապատասխանում է, և միացնել մեր հարթակին»,- նշում է Ասատրյանը։

Կառուցապատողը շինարարության ընթացքում կարող է նաև վարձակալել օդի մոնիթորինգի սարքերը։ Քաղաքապետարանից հայտնում են՝ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն սարքերը սպասարկող ընկերության ներկայացուցիչն է, վարձակալման գումարն էլ սարքերի սպասարկման գումարն է ենթադրում։

Յակով Ասատրյանն ասում է՝ այս պահին դիմումները դեռ դիտարկվում են։ Նրա կարծիքով՝ կառուցապատողները մինչև տարեվերջ կամ գուցե մյուս տարվա սկզբին ստացած կլինեն սարքերը։ 

Սարքերը դեռ չկան, բայց կառուցապատողները, որոնք օդի մոնիթորինգի սարքեր ստանալու դիմումներ չեն ներկայացրել, այդ բաղադրիչի բացակայության մասով տուգանվում են։

«Այն կազմակերպությունները, որոնք փաստացի տվյալ ծառայությունից օգտվելու դիմում ներկայացրել են համայնքին, այս փուլում չեն տուգանվում։ Համարում ենք, որ սահմանված կարգով դիմել են և սպասում են գործընթացի ավարտին»,- ասում է նա։

Ասատրյանի փոխանցմամբ՝ սեպտեմբերի մեկից սկսած շինհրապարակների կահավորման ընդհանուր կարգը խախտելու վերաբերյալ 300-ից ավել արձանագրություն է կազմվել։

«Երբ սարքերը տեղադրված լինեն, մենք հետևելու ենք ընթացքին: Որ շինհրապարակներում աղտոտվածության ցուցանիշները բարձր լինեն, տեղեկացնելու ենք և՛ Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությանը, և՛ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին: Ամեն մեկը իր լիազորության շրջանակում պիտի տեղում խախտումներ արձանագրելու դեպքում համապատասխան վարչարարություն իրականացնի»,- նշում է Քաղաքապետարանի բնապահպանության վարչության գլխավոր էկոլոգ Գորիկ Ավետիսյանը:

Օդի մոնիթորինգի նման սարքեր նախորդ տարի ձեռք էր բերել Երևանի քաղաքապետարանը: Մայրաքաղաքում սենսորային 5 տվիչները տեղադրվել էին տրանսպորտային նոր երթուղիների բնապահպանական ռիսկերը գնահատելու համար: Քարտեզում, սակայն, այս պահին միայն 3 սարքի ցուցանիշ է հասանելի: Գորիկ Ավետիսյանի խոսքով` տեխնիկական խնդիր կա, սպասարկող կազմակերպությունը խոստացել է կարգավորել: «Հետքի» հարցին, թե մեկ տարվա դիտարկումներից հետո Երևանի քաղաքապետարանը ինչ հետևություններ է արել, գլխավոր էկոլոգը պատասխանեց․

«Հետևություններ արվում են տրանսպորտային բարեփոխումների շրջանակում` Կենտրոնի բեռնաթափում, տրանսպորտային հոսքի թեթևացում, նոր ճանապարհների կառուցում»:

Կարդացե՛ք նաև՝

Գլխավոր լուսանկարը՝ Սյուզաննա Օհանյանի, Հետք Մեդիա Գործարան (05.12.2023)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter