HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեթյու Միլլերը խուսափել է Երուսաղեմի հայկական թաղամասում բռնությունների վերաբերյալ հարցին պատասխանելուց

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը նախօրեին ունեցած ճեպազրույցի ժամանակ խուսափողական պատասխան է տվել Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ հարցին։ 

Լրագրողի հարցին, որ Երուսաղեմի հայկական թաղամասի իշխանությունները խորը մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ Իսրայելի կառավարությունը Գազայի հատվածում հակամարտությունն օգտագործում է Հայկական թաղամասից քրիստոնյա հայերին հանելու նպատակով, Միլլերը պատասխանել է, որ ամերիկյան կողմը չի ցանկանում տեսնել Իսրայելի կառավարության կողմից որևէ գործողություն, որը կարող է սրել լարվածությունը։

«Այդ հարցին կոնկրետ պատասխան չունեմ։ Մենք բազմիցս ասել ենք, որ չենք ցանկանում որևէ քայլ տեսնել Իսրայելի կառավարության կողմից, որը կարող է հանգեցնել լարվածության աճի»,- հայտարարել է Միլլերը։

Հիշեցնենք, որ խոսքը Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» անունով տարածքի մասին է։ Դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:40-ին, մոտ 30 անձ սև հագուստով ու դիմակներով, զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ միջոցներով հարձակվել է Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից հանելու և ահաբեկելու նպատակով:

Հարձակման ժամանակ նրանք քարեր են շպրտել հայերի ուղղությամբ: Հայ երիտասարդներն ու անակնկալի եկած հոգևորականները մարտի են բռնվել՝ պատասխանելով ու պահելով տարածքը՝ մինչև 200 մետր հեռավորությամբ գտնվող հին քաղաքի ոստիկանների՝ օգնության հասնելը:

Երուսաղեմի պատրիարքարանը հայտնել է, որ ծանր վիրավորում են ստացել քահանաներ, Հայաստանի աստվածաբանական ակադեմիայի ուսանողներ և տեղացի հայեր։ Երուսաղեմի «Կովերի պարտեզ» տարածքի վրա հարձակումից հետո երկու հայ երիտասարդ էր ձերբակալվել, որոնք ավելի ուշ ազատ էին արձակվել։

Լուսանկարը՝ The Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter