HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Երեկոյան 10-ից հետո անվճար կայանելու հնարավորություն է տրվում. քննարկվում է ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերի հարցը

Երևանի ավագանու նիստում այսօր քննարկվում է Երևանում տեղական վճարների 2024թ.-ի դրույքաչափերի առաջարկվող փոփոխությունները, ըստ որի՝ ավտոկայանատեղիների վճարների դրույքաչափերը սահմանվելու են գոտիավորման սկզբունքով:

Քաղաքը բաժանվելու է երկու գոտու՝ Ա և Բ։ Սահմանվելու են գոտիավորում և առանձնացված դրույքաչափեր։

Ա գոտի՝

Յուրաքանչյուր 1 ժամվա համար՝ 300 դրամ

Յուրաքանչյուր 1 օրվա համար՝ 2000 դրամ

Մեկ շաբաթվա համար՝ 5000 դրամ

Մեկ ամսվա համար՝ 18000 դրամ

Մեկ տարվա համար՝ 160 000 դրամ

Բ գոտի՝

Յուրաքանչյուր 1 ժամվա համար՝ 200 դրամ

Յուրաքանչյուր 1 օրվա համար 1000 դրամ

Մեկ շաբաթվա համար՝ 2000 դրամ

Մեկ ամսվա համար՝ 4000 դրամ

Մեկ տարվա համար՝ 24000 դրամ

«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հարցրեց՝ ինչպե՞ս են գոյանում այդ դրույքաչափերը, և ինչո՞ւ է հենց 160 000 դրամ սահմանվել։

«Նախ օրենքով սահմանված է առավելագույն դրույքաչափ՝ 300 000 դրամ, տվյալ դրույքաչափի սահմաններում ենք սահմանում։ 160 000 դրամի սահմանման համար հիմք է ընդունվել միջազգային փորձը. հիմնականում խոշոր քաղաքներում կենտրոնում կայանելը սահմանափակված է, և՛ ժամային, և՛ գումարային սահմանափակում է առկա։ Կենտրոնում կայանելը միշտ համարվել է ավելի թանկ եղանակ, քան ծայրամասում կայանելը։

Օրինակ՝ Թբիլիսիի կենտրոնում կայանելու տարեկան վարձը 800 լարի է, Մոսկվայի դեպքում՝ 400 000 ռուբլի, դա գալիս է այն մոդելից, որը մենք ուզում ենք ընդունել։ Եթե նկատեցիք և՛ ժամի, և՛ օրվա համար սակագների՝ այդպիսի կտրուկ աճ չենք տվել, 100 դրամը դարձել է 300 դրամ, 500-ը՝ 1000 (Ա գոտում՝ 2000 դրամ,- խմբ.)։

Այսինքն, սա այն գումարն է՝ եթե քաղաքացին որևէ նպատակով գալիս է Կենտրոն, ինչ-որ աշխատանքի նպատակով կամ այլն, հնարավորություն ունի կայանելու՝ առանց որևէ լուրջ ֆինանսական բեռի»,- նշեց Եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետի պաշտոնակատար Արման Ջհանգիրյանը։

Բացի այդ, ըստ Ջհանգիրյանի, 15 րոպե անվճար կայանելու հնարավորություն կա։

«Միաժամանակ ավագանու կողմից առաջարկվել էր ներկայում 24.00-09.00-ն անվճար կայանելը դարձնել 22.00-09.00-ն։ Այսինքն՝ քաղաքացին կարմիր գծերում երեկոյան 10-ից հետո անվճար կայանելու հնարավորություն է ստանում։ Հիմնական նպատակը տարեկան կայանելու հնարավորությունը սահմանափակելն է՝ հիմնական շեշտը դնելով ժամով և օրով կայանելու վրա»,- նշեց նա։

Լուսանկարը՝ արխիվային

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter