HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հասարակությանը մոլորեցնելու համար «Սիթի բայք»-ի առնչությամբ ՄՊՀ-ն վարույթ է հարուցել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անհատ ձեռնարկատեր Ալիսա Հովակիմյանի և «Քաղաքային Հեծանիվներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հարուցել է վարույթ՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առերևույթ առկայության հիմքով:

ՄՊՀ-ն «Սիթի բայք»-ի հետ առնչվող ֆեյսբուքյան, տելեգրամյան, «Ինստագրամի» և «Տիկտոկի» մի շարք էջերում իրականացրել է արտաքին դիտում, որի արդյունքում պարզել է՝ «Սիթի բայք»-ի հետ կապված խմբերում տարածվում են նման հայտարարություններ՝

  • «Եկեք միասին ջախջախենք ասեկոսեներ ստեղծողներին և թույլ տանք, որ citibike-ը դառնա հայ ժողովրդի կյանքում ամենաարդյունավետ օգնականը։ Հարստությունը ձեր կողքին է, և ամեն ինչ ցույց կտա ժամանակը»։
  • «Մենք ներկայացնում ենք ամերիկյան CitiBike ընկերությունը», «Մեր Citi Bike-ը հովանավորվում է աշխարհի ամենամեծ Citibank-ի կողմից, որն օրինական է և համապատասխան, և մեր ընկերությունը չի ստիպի որևէ մեկին միանալ… Մեր ընկերությունը չի հիասթափեցնի մեզ հավատացողներին և կօգտագործի ժամանակն ու գործողություններն՝ ապացուցելու, որ բոլորի ընտրությունը ճիշտ է»:

Բացի այդ, խմբերում տարածած հրապարակումներում առաջարկում են կատարել ներդրումներ՝ գնելով VIP սարքավորումներ, իսկ ներդրված գումարների դիմաց առաջարկվում են առերևույթ անիրատեսական բարձր տոկոսներ։

Հանձնաժողովը կարծում է, որ VIP-երի առնչությամբ առաջարկվող եկամուտների, ինչպես նաև «Մեր Citi Bike-ը հովանավորվում է աշխարհի ամենամեծ Citibank-ի կողմից», «Մենք ներկայացնում ենք ամերիկյան CitiBike ընկերությունը» հրապարակումներն առերևույթ կարող են պարունակել հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշներ։ 

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ Հանձնաժողովն ԱՁ Ալիսա Հովակիմյանի և «Քաղաքային Հեծանիվներ» ՍՊԸ կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտումների հատկանիշների առկայությունը պարզելու նպատակով հարուցել է վարույթ։

«Հետք»-ը գրել էր, որ «Սիթի բայք»-ն իր տելեգրամյան պաշտոնական խմբում հրապարակել էր մի փաստաթուղթ, ըստ որի՝ իրենք օրինական են աշխատում, քանի որ գրանցված են։ Այդ փաստաթղթում նշված էր Ալիսա Հովակիմյան ԱՁ անունը, փաստաթուղթը նաև փակցրած էր Րաֆֆու 23/6 փողոցի վրա գտնվող խանութի դռանը։

Պարզել էինք, որ հետագայում գրանցվել է «Քաղաքային հեծանիվներ» ՍՊ անվանմամբ ընկերություն, որի 100% բաժնետերը Ասյա Մեհտիի Գասպարյանն է, իսկ «Սիթի բայք»-ի կայքում վերալիցքավորման բաժնում որպես գումար ստացող նշված է նրա որդու՝ Ժորա Մոսինյանի անունը։ Պարզել էինք, որ Ժորան Լոռու մարզի Թումանյանի ոստիկանության բաժնի օպերլիազոր է։

Գրել էինք նաև, որ «Հետք»-ի՝ «Սիթի բայք»-ի մասին հոդվածի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել։ Մի քանի օր առաջ հայտնի դարձավ նաև, որ կայքը փակվել է, իսկ մարդիկ կորցրել են իրենց ներդրած գումարները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter