HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախցի բժիշկը մինչեւ վերջին հիվանդի տարհանումը մնացել է հիվանդանոցում

Օրը սովորական աշխատանքային էր սեպտեմբերի 19-ին: Արցախի «Արեւիկ» մանկական հիվանդանոցում բուժվող երեխաներ կային: Կեսօրին պայթյունների ձայներ լսվեցին: Դրանց ձայները գնալով ուժգնանում եւ ավելի էին մոտենում: Բուժանձնակազմը սկզբից հանգիստ էր, բայց հետո հասկացան, որ շրջափակված Արցախը միայնակ պատերազմի մեջ է հայտնվել: Պայթյուններից մոտ 20 րոպե անց մանկական հիվանդանոց են տանում առաջին քաղաքացիական զոհ դարձած երեխային՝ 11-ամյա մի տղայի, որը Ստեփանակերտից էր: Երբ դպրոցում սկսվել էր տարհանումը, վազվզոցի, տագնապի մեջ երեխան վախից կաթված էր ստացել: Նրան արդեն մահացած վիճակում էին տեղափոխել հիվանդանոց: Բժիշկները 40 րոպե ռեանիմացիոն սարքերով փորձում էին փրկել, բայց անկարող էին: Հետո պարզվեց, որ երեխան պոլիկլինիկայի բուժաշխատողներից մեկի թոռն էր:

«30-քանի տարվա ռեանիմատոլոգ եմ, չեմ տեսել, որ 11 տարեկան երեխան սրտի կայծակնային ինֆարկտ ստանա»,- ամիսներ անց Երեւանի «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում՝ իր նոր աշխատավայրում, հիշում է Հասմիկ Վերդյանը: Նա 1995 թվականից աշխատել է Արցախի մանկական հիվանդանոցում որպես անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ:

Սեպտեմբերյան 9 օրերի հերթապահությունը, աշխատանքը, հիվանդանցում օրուգիշեր անցկացնելը, սարսափ ֆիլմ հիշեցնող տեսարանները դեռ նրա աչքի առաջ են: Դրանք արդեն ստվերների պես են:

Սեպտեմբերի 19-ի կեսօրին սկսված պայթյուններից շատ չանցած՝ մեծ թվով վիրավոր երեխաներ էին տարել հիվանդանոց: «Սառնաղբյուրի դեպքը երեւի լսել եք, երբ գյուղապետը երեխաներին հավաքել էր մի տեղ, որ հանի, Աղդամից մինամյոտով ուղիղ խփել էին էդ երեխաների վրա՝ հա՛մ զոհվել էին, հա՛մ վիրավորներ էին եղել, որոնց իրար հետեւից հիվանդանոց են բերել։ Մենք ընդունեցինք նրանց: Երեխաներ կային, որ մեր վիրաբույժները 5 ժամ վիրահատել են։ Տարբեր աստիճանի ծանրության վիրավորման դեպքեր են եղել»,- ասում է ականատես բժիշկը:

Սեպտեմբերի 19-ին մանկական ընդունված երեխաներից մեկը Սառնաղբյուրում զոհված երկու եղբայրների՝ Նվերի ու Միքայելի երրորդ եղբայրն էր՝ Նարեկը, որը գլխուղեղի ծանր վիրավորում էր ստացել: Ավելի ուշ դատաբժշկական փորձաքննությունը, ըստ Հասմիկ Վերդյանի, ցույց էր տվել, որ ադրբեջանցիները կտրել էին սպանված երեխաների պարանոցները:

«2020-ի կռվի ժամանակ ճանապարհները բաց էին, դրա համար առաջին օրը կանայք երեխաների հետ դուրս էին եկել, բայց ամսի 19-ին որ բլոկադայի մեջ էինք, ճանապարհը փակել էին, երեխաները մահացան»,- նշում է արցախցի բժիշկը:

Սեպտեմբերի 19-ին եւ դրան հաջորդող օրերին հեռախոսի եւ ինտերնետի կապ գրեթե չկար: Հասմիկ Վերդյանն ասում է՝ որպեսզի իմանային, թե ինչ է կատարվում Ստեփանակերտում, զանգում էին Երեւան: Արցախի ներսում իրար զանգելն ավելի դժվար էր, քան կապը Հայաստանի հետ:

Հիվանդանոցի կոլեկտիվն օրեցօր փոքրանում էր: Երեխաներ ունեցող ընտանիքները ստիպված էին տեղահանվել: Բժիշկ Վերդյանն ասում է, որ նրանք իրավունք ունեին դուրս գալ եւ փրկել իրենց երեխաներին, եւ նրանց ոչինչ չես կարող ասել: Իսկ հիվանդանոցի կոլեկտիվը մեծ ընտանիքի պես էր: Շրջափակման ծանր օրերին ով ինչ ուտելիք ուներ, տանում էր, միասին էին կիսում հացը:

Սեպտեմբերի 25-ն էր: Հիվանդանոցի ամբողջ բուժանձնակազմից 4-5 հոգի էին մնացել: Նստել էին ընդմիջման: Հանկարծ ուժեղ աղմուկ լսվեց: Հասմիկ Վերդյանն ասում է՝ սարսափ ֆիլմի պես էր վիճակը:

«Տղամարդիկ հիվանդանոց են մտնում՝ տկլոր, ղժժալով: Չգիտեինք՝ ինչ է կատարվել, քանի որ կապ չունեինք: Մտնում են՝ մաշկը վառված, կախված, շոկի մեջ: Մեկը-երկուսը-հինգը-տասը… Մտածում ենք՝ կարո՞ղ է մեքենա է պայթել: Հետո տեսանք, որ 80-ից ավելի մարդ միայն մանկական է եկել: Մենք էլ էդքան աշխատող չունենք, որ սպասարկենք այդքան հիվանդի: Նույնիսկ չգիտեինք՝ որտեղ պառկեցնեինք այդքան հիվանդի, այդքան դեղորայք չունեինք։ Շոկի մեջ էի: Իմ մասնագիտությունն այն մասնագիտություններից է, որ քիչ բաներից ենք վախենում, ամեն ինչին սովորել ենք։ Սովորաբար ռեանիմատոլոգների սրտները ավելի պինդ են, բայց, ճիշտն ասած, ես ինձ կորցրել էի, որովհետեւ չգիտեի՝ ինչից սկսել»,- պատմում է Հասմիկ Վերդյանը:

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտից ոչ հեռու գտնվող զորամասի վառելիքի պահեստն էր պայթել: Քաղաքում սկսվել էր տարհանումը: Հասմիկ Վերդյանը ներկայով է խոսում այդ օրերի մասին: Փոքր բուժանձնակազմով հասցրել էին հիվանդանոց եկած տասնյակ մարդկանց հակաշոկային թերապիա անել, ցավազրկել, կաթիլային միացնել: Բայց գիտեին, որ այրվածքները ծանր էին, ու քիչ մարդ էր ողջ մնալու:

Հաջորդ օրը ռուս խաղաղապահներն օգնել էին հիվանդներին Երեւան տարհանել: «Գիտե՞ք, մանկական հիվանդանոցում որտեղ էին պառկում՝ նորածինների բաժնում: Ճիշտ է՝ ամեն ինչ արել ենք, առաջին օգնությունը ցույց ենք տվել, բայց պարզ է, որ ինչքան շուտ տեղափոխեինք Երեւան, այնքան շատ շանսեր կունենային»,- նկատում է բժշիկ Վերդյանը:

Նա անձամբ ռեանիմոբիլով օրվա ընթացքում 10-ից ավելի անգամ հիվանդների է տեղափոխել օդանավակայան: Քիչ անց հեռախոսն է բերում: Սեպտեմբերի 25-ի մղձավանջային օրն ու հաջորդ օրերն է նկարել:

«Սա մեր բաժինն է, մեր այս վիճակը բաժնի, նորածինների բաժինն ա, պատկերացնո՞ւմ եք,- ասում է՝ չգիտի էլ, թե ինչի համար նկարեց, ինչու է պահում այդ կադրերը: Սիրտը պինդ, բայց այդ օրերին արդեն փխրուն դարձած ռեանիմատոլոգի դեմքին բաց նյարդ է երեւում: Այրվածքներ ստացած մարդկանց երակային ներարկումներ անելը դժվար էր:

Քաղաքում ցավը ուրվականի պես պտտվում էր: Մի կողմից՝ հիվանդանոցներում այրվածքներով մարդիկ, մյուս կողմից՝ բռնի տեղահանության ճանապարհ, մեքենաների շարասյուներ: Բժիշկ Վերդյանը հեռախոսի էկրանին ցույց է տալիս քաղաքը: Ասում է՝ նախկինում 15-20 րոպեում Ստեփանակերտից Շուշի էին հասնում, այդ օրերին 11-12 ժամ էր տեւում: Ճանապարհն անցնում էին սոված ու ծարավ:

«Նայեք՝ ինչ է կատարվում: Սա մեր քաղաքի էվակուացիան է»,- կադրերն է ցույց տալիս բժիշկը:

Օդանավակայանում էլ մարդիկ շատ էին: Նրանք հարազատներից տեղեկություններ էին փնտրում: «Եթե լսում եք, թուրքի բառեր են: Այ սա թուրք է, մեկ էլ սա է թուրք, առանց իրենց ոչ մի ուղղաթիռ իրավունք չուներ ո՛չ իջնել, ո՛չ բարձրանալ։ Այ տենց պատկեր էր»,- ասում է արցախցի բժիշկը:

Նա հիվանդանոցում մնացել է մինչեւ վերջին հիվանդին տարհանելը: Սեպտեմբերի 28-ին հրաժեշտ է տվել գործընկերներին եւ ստիպված ինքն էլ բռնել տեղահանության ճանապարհը: Ասում է՝ եթե այդ օրն էլ դուրս չգար, չգիտեր՝ հետո ոնց կլիներ: Բարեկամներից վերջիններն էին մնացել Արցախում:

Տուն էր հասել գիշերը՝ ժամը 23-ին: Այդ տան համար վարկեր էր վերցրել, վերանորոգել, կահավորել: Ընդամենը երկու տարի վայելեց: Եվ տնից միայն մի քանի ձեռք հագուստ վերցրեց:

1988 թ. Բաքվում Հասմիկ Վերդյանի ծնողները թողեցին իրենց տունը, ծովափին՝ հողամասը եւ տեղահանվեցին: Հիմա բժիշկն իր ծնողների տարիքին է, ու պատմությունը կրկնվում է:

Հ. Վերդյանը ծնվել է Ստեփանակերտում, ծնողներն Արցախից են: Մանկության տարիներին Բաքու էին տեղափոխվել: Նա այնտեղ է ավարտել դպրոցն ու բժշկական համալսարանը, բայց այդ տարիներին էլ ամեն ամառ արձակուրդներին Արցախ էր գնում՝ մոր եւ հոր բարեկամների մոտ:

Սովետական Միությունը բուհերն ավարտածներին գործուղում էր շրջաններ՝ 3 տարի աշխատելու: Այդ ժամանակ, ըստ մեր զրուցակցի, Ադրբեջանում հայերին գործուղում էին ադրբեջանական գյուղեր, իսկ ադրբեջանցիներին՝ Արցախ: Բժիշկ Վերդյանի մայրն իր կապերն օգտագործել էր, եւ դստերն ուղարկել էին Արցախ:

«Ծնողներս ջարդերի ականատեսը եղան: Մորս՝ որպես բուժքրոջ, ռուսները տանկով տանում էին Սումգայիթ, որտեղ տուժածները հրաժարվել էին թուրքերի օգնությունից, տանում էին միայն հայ եւ ռուս բուժքույրերին, բժիշկներին»,- նշում է Հ. Վերդյանը: Նա այդ ժամանակ Ստեփանակերտում էր: 1988 թ. մայիսին ծնողները Երեւան են եկել, որտեղ ոչ մի հարազատ չունեին: «Մինչեւ ե՞րբ պիտի ստեղծենք ու նորից թողնենք թուրքին»,- հռետորական հարց է տալիս բժիշկը:

Ստեփանակերտում եռամյա պայմանագրի ավարտից հետո Երեւան էր եկել նաեւ ինքը: 3 տարի աշխատել է «Արաբկիր» մանկական հիվանդանոցում: 1995 թ. Արցախի մանկական հիվանդանոցից աշխատանքի հրավեր էր ստացել. վերակենդանացման բաժանմունքում մասնագետներ չկային: Ասում է՝ այդ ժամանակ «Արաբկիրում» մեծ հնարավորություններ ուներ արտասահմանում վերապատրաստվելու, սակայն Արցախից ստացած առաջարկն առանց վարանելու էր ընդունել: 1995-ից մինչեւ 2023-ի սեպտեմբերի 28-ի գիշերը նա աշխատեց Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հիվանդանոցում:

Բժշիկ Վերդյանն արդեն մեկ ամիս է՝ աշխատանքի է անցել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում: Թվարկում է բժշիկների անունները, որոնք անգամ շրջափակման ժամանակ իրենց կողքին էին, օգնում էին հեռվից հեռու: Եվ դա էր պատճառը, որ ինքը ցանկացել է աշխատել այստեղ: Զուգահեռ աշխատում է «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում:

Նկատում է, որ Հայաստանում բժիշկների, բուժանձնակազմի վարձատրությունն ավելի ցածր է, քան Արցախում էր: Եվ հիմա, երբ կորցրել են տունը, դժվար է նման աշխատավարձով ծրագրել տան ձեռքբերումը:

«Մեզ լավ են ընդունում այստեղ: Ամբողջ բուժանձնակազմը ջերմ է, բայց ամենակարեւոր հարցը՝ ես ուզում եմ հետ դառնամ էնտեղ: Ես իմ տունն եմ ուզում: Ամբողջ կյանք ենք ստեղծել, ծնողներս իմ հասակի էին, որ դուրս եկան, հիմա ես եմ… Մինչեւ ե՞րբ բարեկամների տանն ապրենք, այդ հարցը չի լուծվում»,- եզրափակում է բժիշկը:

Եվ ժամանակն ինչքան հոսում է, այնքան դեպի տուն մտքերն ավելի ցավեցնող են դառնում: Ասում է՝ ապագայի մասին էլ ոչ մի բան չի մտածում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter