HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Ավագանու նիստի օրակարգում ունենալ չզեկուցվող հարցեր, մեզ համար անընդունելի է». Արամ Թորոսյան

Երևան քաղաքի ավագանու այսօրվա նիստին մասնակցում է ավագանու 51 անդամ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նախքան օրակարգին անդրադառնալն, առաջարկեց ավագանու հաջորդ նիստը գումարել դեկտեմբերի 26-ին և առաջարկեց քվերակության դնել այս հարցը։

«Մի րոպե, մի րոպե»,- Ավինյանին ընդհատեց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը՝ նշելով, քանի որ հարցերի գերակշիռ մասը չզեկուցվող է, և եթե այդ սկզբունքով է լինելու աշխատանքը, նիստին իրենց խմբակցությունը չի գրանցվելու և չեն մասնակցելու։

Արամ Թորոսյանն առաջարկեց բոլոր հարցերը դարձնել զեկուցվող։

«Օրակարգի ամեն հարց, Դուք՝ որպես խմբակցության ղեկավար, իրավասու կլինեք առաջարկել չզեկուցվողից դարձնել զեկուցվող, որը կցանկանանք, կառաջարկեք և կդնեք քվեարկության, բայց էս պահին մենք քննարկում ենք 2023թ-ի հաջորդ նիստը գումարելու հարցը, հաջորդիվ անցնելու ենք օրակարգին»,- նշեց Տիգրան Ավինյանը։

Թորոսյանն ասաց՝ օրակարգում ունենալ չզեկուցվող հարցեր, և մտածել, որ հաջորդ ավագանու նիստին էլ կարող են լինել չզեկուցվող հարցեր, իրենց համար անընդունելի է։

«Ձեր բարձրացրած հարցն, ըստ էության, և ըստ բովանդակության, կքննարկենք։ Եվ եթե ավագանին որոշի, որ բոլոր հարցերը լինեն տեխնիկական, թե այլ, բոլոր էն հարցերը, որտեղ ձեր ֆրակցիայի անդամները մասնակցում են գլխադասային հանձնաժողովներին և տալիս են դրական կարծիքներ, պարտադիր պետք է բարձրաձայնվեն այստեղ, և հարց չլինի, ելույթ չլինի, այդտեղ խնդիր չունենք, եթե այդպես որոշի ավագանին»,-պատասխանեց Ավինյանը։

Արամ Թորոսյանը խնդրեց 15 րոպե ընդմիջում տալ։

Ընդմիջումից հետո Երևանի քաղաքապետը հայտնեց, որ 2-11-րդ հարցերն առաջարկվել էր ընդունել չզեկուցվող հարցերով, սակայն այժմ կա առաջարկ դրանք դարձնել զեկուցվող։

«Առհասարակ չզեկուցվող հարցերն այն հարցերն են, որոնց վերաբերյալ ենթադրվում է, որ հարցուպատասխան չի լինելու, ելույթներ չեն լինելու, հարցերը քննարկված են լինում գլխադասային հանձնաժողովներում, և եթե տրվում է դրական վերաբերմունք հարցի ընդունման հետ կապված, միայն այդ դեպքում է հարցը ներառվում չզեկուցվող փաթեթում»,- ասաց Ավինյանը՝ ներկայացնելով, թե ինչ հարցեր են ներառված չզեկուցվող փաթեթում։

Բոլոր չզեկուցվող հարցերը զեկուցվող դարձնելու հարցը դրվեց քվեարկության։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նշեց, որ ընդմիջման ժամանակ քննարկում են ունեցել։ «ՔՊ-ի համար, նաև երևի մյուս խմբակցությունների համար չկա որևէ շահ, որ որևէ հարց լինի չզեկուցվող, էստեղ մենք որևէ շահ չենք հետապնդում, և զուտ ընթացակարգերը ավելի օպտիմալ կառավարելու համար այսպիսի լուծում ունենք։ Պայմանավորվեցինք, որ հետագայում կքննարկենք՝ այս սկզբունքն ինչպես ենք կիրառում, և էս պահին կքվեարկենք, որպեսզի հարցերը դառնան զեկուցվող, որովհետև ունենք գործընկերներ, որոնք նոր են ներկայացել, և որ հասկանան, թե պրոցեսը իրենից ինչ է ներկայացնում, ինչքանով ճիշտ կլինի, որ դա լինի զեկուցվող կամ չզեկուցվող»,- ասաց Գալջյանը։

«Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի խաչատրյանն էլ ասաց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու. «Մենք էլ խնդիր չենք տեսնում, որ հարցերը զեկուցվեն, բայց այսօր կա հարցուպատասխան, առհասարակ ավագանին ունի կանոնակարգ, օրենք, որը կարելի է կարդալ, և նոր գալ դահլիճ, որ կան հաձնաժողովներ, որտեղ ավագանու անդամները պարտավոր են լինել անդամ, և թող բարի լինեն, գան հանձնաժողովի նիստերին, և ծանոթանան նախագծերին, մենք դեմ ենք քվերակում»,- ասաց նա։

«Մայր Հայաստան»-ի ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ նշեց, որ Կառավարության որդեգրած չզեկուցվող հարցերի արատավոր պրակտիկան փորձ է արվում տեղափոխել ավագանի։ 

«Բոլոր հարցերը պետք է զեկուցվեն՝ անկախ նրանից, թե հանձնաժողովներում ինչ եզրակացության են եկել։ Եթե էդ տրամաբանությամբ ենք առաջնորդվում, հանձնաժողովում դրական եզրակացություն ստացած բոլոր նախագծերը պետք է ավտոմատ համարվեն ընդունված, էլ հավաքվում ենք՝ ինչ անենք էստեղ։ էս պահին կողմ կքվեարկենք բոլոր հարցերը զեկուցվող դարձնելուն»,- հայտնեց խմբակցության ղեկավարը։ 

«Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանն էլ կրկնեց. «Մենք միանշանակ նույնպես դեմ ենք չզեկուցվող հարց հասկացությանը, որովհետև դրանց տակ կարող են ուրիշ շատ հարցեր լինել։ Այնպիսի գործելաոճ կա, որը չի ներշնչում վստահություն, հետևաբար բոլոր հարցերը պետք է զեկուցվեն»։

Թորոսյանը հայտնեց՝ իրենց խմբակցությունը ակտիվ մասնակցում է հանձնաժողովի նիստերին, և իրենք կանոնակարգային փոփոխություն են նախաձեռնելու, որպեսզի չլինի չզեկուցվող հարց ավագանու նիստերի ընթացքում։

Ավագանու 26 անդամ կողմ քվեարկեց, 9-ը՝ դեմ, 1-ը՝ ձեռնպահ, այս նիստի բոլոր չզեկուցվող հարցերը դարձան զեկուցվող։

Լուսանկարում՝ Արամ Թորոսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter