
ԱՄՆ-ն գաղտնազերծել է 1973 թվականին Չիլիում պետական հեղաշրջման մասին երկու զեկույց
ԱՄՆ կառավարությունը գաղտնազերծել է երկու զեկույց, որոնք անդրադառնում են Չիլիում 1973 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման նախապատրաստմանը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը։
«ԱՄՆ կառավարությունը գաղտնազերծել և հրապարակել է նախագահի համար նախատեսված ամենօրյա զեկույցների մի մասը, որոնք կապված են Չիլիի հետ։ Գաղտնազերծվել են 1973 թվականի սեպտեմբերի 8-ի և 1973 թվականի սեպտեմբերի 11-ի զեկույցները»,- ասված է հայտարարության մեջ:
Առաջին փաստաթղթում ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնին տեղեկացնում են Չիլիում «ռազմական հեղաշրջման փորձի հնարավորության» մասին: Միևնույն ժամանակ, այնտեղ նշվում է, որ այդ պահին «բոլոր երեք տեսակի զինված ուժերի համակարգված մասնակցությամբ պլանի գոյության ապացույցներ չկան, չնայած որ ռազմածովային ուժերը հայտարարել են ռազմաօդային ուժերի և ցամաքային ուժերի աջակցության առկայության մասին»: Երկրորդ զեկույցի հեղինակները խոստովանում են, որ Չիլիի ռազմածովային ուժերը աջակցություն են ստացել «որոշ գլխավոր ռազմական ստորաբաժանումներից»: «Չնայած ռազմական ղեկավարությունը գնալով ավելի վճռական է տրամադրված քաղաքական և տնտեսական կարգը վերականգնելու հարցում, նրանք, հավանաբար, լավ համակարգված ծրագիր չունեն», - նշվում է փաստաթղթում:
Զեկույցները գաղտնազերծվել են` ի պատասխան Չիլիի կառավարության խնդրանքի: Ավելի վաղ, չիլիացի պատգամավորները քվեարկել էին այն որոշման օգտին, որ խնդրեն երկրի արտաքին գործերի նախարարությանը հասնել այս փաստաթղթերի գաղտնազերծմանը:
1973 թվականի սեպտեմբերի 11-ին ռազմական խունտան, գեներալ Ավգուստո Պինոչետի գլխավորությամբ, պետական հեղաշրջում կատարեց Չիլիում։ Օրինական ճանապարհով ընտրված սոցիալիստ նախագահ Սալվադոր Ալյենդեն ինքնասպան եղավ՝ խռովարարների կողմից պալատի գրոհի ժամանակ: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Չիլիում ռազմական բռնապետության տարիներին (1973-1990 թվականներ) քաղաքական դրդապատճառներով սպանվել կամ անհետ կորել է 3 225 մարդ: Կտտանքների է ենթարկվել ավելի քան 37 հազարը։
Լուսանկարը՝ Հակամարքսիստ կանայք պարզել են սպիտակ թաշկինակները Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում, 1973 թվականի սեպտեմբերի 5/ The Associated Press գործակալություն
Մեկնաբանել