HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր դեմ քրեական մեղադրանքները կօգնեն հաղթել նախագահական ընտրություններում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իրեն առաջադրված մեղադրանքները միայն կարող են օգնել իրեն՝ հաղթելու 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Այդ մասին նա հայտարարել է միջոցառման ժամանակ, որը Ալաբամա նահանգում կազմակերպել էր Հանրապետական կուսակցությունը։

Թրամփը, որի նկատմամբ երեք քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, ընդգծել է, որ դրանք բոլորը կեղծ են։ Նրա խոսքով՝ մեղադրանքները «կարող էին առաջադրվել նաև 2,5 տարի առաջ»։ «Բայց նրանք սպասեցին մինչև նախընտրական քարոզարշավի ամենաթեժ պահը, երբ հասարակական կարծիքի հարցումներով ես դարձա առաջատար։ Մենք շրջանցում ենք բոլորին՝ ներառյալ Բայդենին»,- նշել է Թրամփը։

ԱՄՆ նախկին նախագահը ասել է, թե ամեն անգամ, երբ իր նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրվում, «մեր դիրքերը հասարակական կարծիքի հարցումներում միայն ամրապնդվում են»։ «Մեզ ևս մեկ մեղադրանք է պետք, որ այս ընտրությունները հնարավոր լինի ավարտել։ Եվս մեկ մեղադրանք։ Եվ էլ որևէ մեկը շանս չի ունենա»,- հայտարարել է Թրամփը։ Ընդ որում, նա քննադատել է Ջո Բայդենին՝ նշելով, որ նրա վարչակազմը «փորձում է միջամտել ընտրություններին»։ Թրամփը դա անվանել է «երրորդ աշխարհի երկրներում տարածված պրակտիկա»։

Հիշեցնենք, որ հատուկ դատախազ Ջեք Սմիթը օգոստոսի 1-ին հայտարարել էր չորս հոդվածներով Դոնալդ Թրամփի նկատմամբ մեղադրանքի առաջադրման մասին. պետությանը խաբելու նպատակով դավադրություն, պաշտոնական ընթացակարգին խոչընդոտելու նպատակով դավադրություն, պաշտոնական ընթացակարգին խոչընդոտելու փորձ և իրավունքների խախտման նպատակով դավադրություն: Հիմնական մեղադրանքները կապված են 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման հետ։

Հանրապետական Դոնալդ Թրամփը 2020 թվականի նոյեմբերին պարտվել էր դեմոկրատ Ջո Բադենին։ Թրամփը մի քանի ամիս հրաժարվում էր ընդունել իր պարտությունը՝ ընտրակեղծիքների մասին տարածելով չհաստատված պնդումներ։ 2021 թվականի հունվարի 6-ին` Կոնգրեսում արդյունքների հաստատման օրը, Թրամփի աջակիցների ամբոխը ներխուժել էր Կապիտոլիում՝ տապալելով նիստը։

Թրամփը հավակնում է մասնակցել նաև 2024 թվականի նախագահական ընտրություններին։ Նա Հանրապետական կուսակցության ամենահեղինակավոր թեկնածուն է։ Անգամ եթե նա մեղավոր ճանաչվի քրեական գործերից և որևէ մեկով ու բանտարկվի, նա չի կորցնի ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնելու իրավունքը։

Լուսանկարը՝ AP Photo / Alex Brandon

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter