Ռուսական զորքերն անօդաչուներով հարձակվել են Կիևի վրա
Ռուսաստանի զինված ուժերն օգոստոսի 3-ի գիշերը իրանական արտադրության «Shahed» անօդաչուներով հարձակվել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա։ Այդ մասին հայտնում է Կիևի քաղաքային զինվորական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոն։
Նրա խոսքով՝ զանգվածային հարձակման ժամանակ Կիևի մատույցներում ՀՕՊ ուժերը հայտնաբերել և ոչնչացրել են «գրեթե 15 օդային թիրախ»։ Տուժածներ ու ավերածություններ չկան։
Պոպկոն հավելել է, որ Կիևում օդային տագնապի ազդանշանը գիշերը հնչել է մոտ 3 ժամ ու դարձել թվով 820-րդը, որն Ուկրաինայի մայրաքաղաքում հայտարարվել է՝ Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո։
Իր հերթին, Ուկրաինայի ռազմաօդային ուժերից հայտնել են, որ օգոստոսի 3-ի գիշերը ռուսական զորքերը Բրյանսկի մարզից «Shahed 136/131» հարվածային անօդաչուներով հարձակվել են Ուկրաինայի վրա։ Ըստ ուկրաինական կողմի՝ ՀՕՊ ուժերը ոչնչացրել են բոլոր անօդաչուները։
Նախօրեին ռուսական զինուժը «Shahed» անօդաչուներով դարձյալ հարձակվել էր Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։ ՀՕՊ ուժերը խոցել էին բոլոր անօդաչուները, իսկ դրանց բեկորներն ընկել էին քաղաքի երեք շրջաններում։ Գիշերային հարձակման ընթացքում ռուսական զինուժը հարվածել էր նաև Իզմայիլում տեղակայված նավահանգստին։
Լուսանկարը՝ Gleb Garanich/Reuters
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել