HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դոնալդ Թրամփի պնդմամբ՝ իրեն սպառնում է 561 տարվա ազատազրկում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ առաջադրված մեղադրանքների շրջանակներում իրեն կարող է սպառնալ գումարային 561 տարի ազատազրկում։ Այդ մասին գրում է The Hill-ը։

«Անազնիվ Ջոյի (այսպես է Դոնալդ Թրամփն անվանում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին-խմբ.) կոռումպացված արդարադատության նախարարությունը կրկին ապօրինաբար մեղադրանք է առաջադրել ձեր խոնարհ ծառային։ Առկա տվյալների համաձայն՝ ինձ սպառնում է ընդհանուր առմամբ 561 տարվա ազատազրկում՝ ձախերի կողմից հայտարարված վհուկների որսի հետևանքով։ Դա վեց կյանք է»,- իր նախընտրական արշավի հովանավորներին ուղղված էլեկտրոնային նամակում գրել է Թրամփը։

The Hill-ը նշում է, որ ԱՄՆ-ում ամբաստանյալներին մեղադրանքի բոլոր կետերով հազվադեպ են դատապարտում ազատազրկման առավելագույն ժամկետների, իսկ տարբեր հանցագործությունների համար նախատեսված ժամկետները մեղավոր ճանաչված անձը կարող է կրել իրար զուգահեռ։

Վերջին ամիսներին Դոնալդ Թրամփը դարձել է արդեն երեք քրեական գործով մեղադրյալ։ Ապրիլին նրա դեմ մեղադրանք էր առաջադրվել բիզնես հաշվետվողականության կեղծման համար, իսկ հունիսին դատախազ Ջեք Սմիթը քրեական գործ հարուցեց Թրամփի նստավայրում գաղտնի փաստաթղթերի ապօրինի պահման գործով։ Օգոստոսի սկզբին էլ Թրամփը մեղադրյալի կարգավիճակ ստացավ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման քրեական գործի շրջանակներում։

Հանրապետական Դոնալդ Թրամփը 2020 թվականի նոյեմբերին պարտվել էր դեմոկրատ Ջո Բադենին։ Թրամփը մի քանի ամիս հրաժարվում էր ընդունել իր պարտությունը՝ ընտրակեղծիքների մասին տարածելով չհաստատված պնդումներ։ 2021 թվականի հունվարի 6-ին` Կոնգրեսում արդյունքների հաստատման օրը, Թրամփի աջակիցների ամբոխը ներխուժել էր Կապիտոլիում՝ տապալելով նիստը։

Թրամփը հավակնում է մասնակցել նաև 2024 թվականի նախագահական ընտրություններին։ Նա Հանրապետական կուսակցության ամենահեղինակավոր թեկնածուն է։ Անգամ եթե նա մեղավոր ճանաչվի քրեական գործերից և որևէ մեկով ու ուղարկվի բանտ, նա ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնելու իրավունքը չի կորցնի։

Լուսանկարը՝ Win McNamee/Getty Images/FILE

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter