ՀԱՊԿ-ը կարող է վերադառնալ հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության առաքելությունը կարող է վերադառնալ Հայաստանի սահմանային շրջաններ՝ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի դիտորդությունը շարունակելու համար։ Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա ընդգծել է, որ Մոսկվան սպասում է Երևանի պատասխանին, և հավանության պարագայում, ՀԱՊԿ առաքելությունը կուղարկվի Հայաստան։
«Առաջվա պես ակնկալում ենք Երևանի կողմից դրական արձագանքի և պատրաստ ենք վերսկսել առարկայական աշխատանքը Հայաստանի սահմանամերձ շրջաններում ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ծավալելու, ինչպես նաև մեր դաշնակցին օժանդակության այլ համատեղ միջոցների շուրջ»,- ասել է Աղասանդյանը։
Նա նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները երբեք չեն հրաժարվել դաշնակիցներին օգնություն տրամադրելուց՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է գործի դնել ՀԱՊԿ ամենալայն հնարավորությունները։ Դիվանագետն ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է կառուցողական աշխատանքի։
Աղասանդյանն այն կարծիքին է, որ արևմտյան երկրները «փորձում են քաղաքական և տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցների, այդ թվում՝ Հայաստանի վրա՝ Հարավային Կովկասում առավելագույն վնաս հասցնելու Ռուսաստանի Դաշնությանը և նրա դիրքերին»։ «Այդ խնդրին հասնելու համար նրանք փորձում են խաթարել տարածաշրջանային անվտանգության գոյություն ունեցող մեխանիզմները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի հնարավորությունների վրա հիմնված: Հուսով ենք, որ դա լավ են հասկանում Երևանում»,- հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը:
Մոսկվան բացահայտ չի թաքցնում, որ դեմ է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայմանը։ ՌԴ իշխանությունները հայտարարում են, որ այդպիսով ԵՄ-ն ձգտում է «տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին»։ Հայկական կողմը տարբեր մակարդակներով հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտավորությունները՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումների ժամանակ, քանի որ կազմակերպությունը պատասխանատու է Հայաստանի Հանրապետության անվտանգության և տարածքային ամբողջականության համար։
Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ին անդամակցությունը Հայաստանի համար ստեղծում է որոշակի խնդիրներ, սակայն սահմանափակումներ չի դնում այլ պետությունների հետ համագործակցության վրա։
Լուսանկարը՝ ՀԱՊԿ մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել