HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն հայտարարել է իր հրաժարականի մասին

Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեն հայտարարել է, որ հրաժարական է տալիս՝ իշխող կոալիցիայի ներսում միգրացիոն թեմաների շուրջ համաձայնության բացակայության պատճառով։ Այդ մասին նա հայտարարել է տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։ 

Ռուտեն դա անվանել է «շատ ցավալի» և նշել, որ դա իրեն շատ է խանգարում։ «Դա անխուսափելի է։ Կառավարությունը կշարունակի գործել որպես ժամանակավոր»,- նշել է հոլանդացի պաշտոնյան։ 

Մարկ Ռուտեն Նիդերլանդների թագավորին է ներկայացրել ողջ Կառավարության հրաժարականի դիմումը։ Երեք օր շարունակ տեղի ունեցած բանակցություններից հետո նախարարներին չի հաջողվել պայմանավորվել միգրանտներին, այդ թվում՝ հակամարտությունների գոտիներից ժամանած փախստականներին, ապաստանի տրամադրման քաղաքականության խստացման շուրջ։ Երեկ՝ հուլիսի 7-ի, կոալիցիայի ներսում կայացել էին եզրափակիչ խորհրդակցությունները, որից հետո հայտնի դարձավ դրա փլուզման մասին։ 

Իշխող կոալիցիայի անդամ «Ազատության և ժողովրդավարության համար ժողովրդական կուսակցություն» (VVD) և «Քրիստոնեա-դեմոկրատական կոչ» (CDA) կուսակցությունները կոչ էին անում խստացնել Նիդերլանդներ ժամանող փախստականների թվի սահմանափակումը։ «Դեմոկրատներ 66» (D66) և «Քրիստոնեական միություն» (ChristenUnie) կուսակցությունները այս հարցում առավել մեղմ միջոցների կողմնակիցն են։

NOS-ը, հղում անելով Ընտրական խորհրդին, գրում է, որ սպասվում է՝ Նիդերլանդներում արտահերթ ընտրությունները կկայանան նոյեմբերի կեսերին։ Օրենքի համաձայն՝ դրանք կարող են տեղի ունենալ ոչ ուշ, քան նախարարների կաբինետի հրաժարականից 90 օր անց, սակայն այդ ժամկետին անհրաժեշտ է գումարել նաև ամառային և աշնանային արձակուրդները։

Մարկ Ռուտեն 56 տարեկան է։ Նա Նիդերլանդների Կառավարությունը գլխավորում էր 2010 թվականի հոկտեմբերից։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter