
Twitter-ը սպառնում է դատի տալ Meta-ին Threads սոցիալական ցանցի պատճառով
Twitter ընկերությունը սպառնում է դատի տալ Meta ընկերությանը։ Պատճառը Threads նոր սոցիալական ցանցն է, որը բավականին նման է Twitter-ին։
BBC-ն, հղում անելով Semafor պարբերականին, գրում է, որ Twitter-ի իրավաբան Ալեքս Սփիրոն չորեքշաբթի երեկոյան պաշտոնական նամակ է ուղարկել Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգին, որտեղ Meta-ին մեղադրել է «Twitter ընկերության առևտրային գաղտնիքների և այլ մտավոր սեփականության համակարգված, չարամիտ և ապօրինի յուրացման մեջ»։
«Մրցակցությունն, իհարկե, լավ է, բայց խաբեությունը՝ վատ»,- թվիթերյան իր միկրոբլոգում նման գրառում է արել Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը։
Competition is fine, cheating is not
— Elon Musk (@elonmusk) July 6, 2023
Ամերիկյան Meta ընկերությունը, որին պատկանում են Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը, հուլիսի 6-ի գիշերը գործարկել էր Threads տեքստային ծառայությունը, որը դիրքավորվում է որպես Twitter-ի գլխավոր մրցակից։
Իր նամակում Ալեքս Սփիրոն, մասնավորապես, Meta-ին մեղադրում է Twitter-ի տասնյակ նախկին աշխատակիցներին աշխատանքի վերցնելու մեջ, որոնք մինչ օրս հասանելիություն ունեն ընկերության գաղտնիքներին, և որոնք օգնել են կրկնօրինակել այդ սոցիալական ցանցը։
Twitter-ի իրավաբանը պահանջում է, որ Meta-ն անհապաղ դադարեցնի օգտագործել այդ գաղտնիքները, հակառակ պարագայում սպառնում է դատի տալ։ Threads-ի մամուլի քարտուղար Էնդի Սթոունը գրել է, որ Threads-ի տեխնիկական թիմում չկա Twitter-ի նախկին որևէ աշխատակից։
Լուսանկարը՝ The Associated Press գործակալության
Մեկնաբանել