
Վրաստանի դեսպանը լքել է Ուկրաինան
Ուկրաինայում Վրաստանի դեսպան Գեորգի Զակարաշվիլին, որին ուկրաինական իշխանությունները Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի պատճառով առաջարկել էին լքել այդ երկիրը, արդեն գտնվում է Ուկրաինայի տարածքից դուրս։ Այդ մասին հայտնել է վրացական Interpressnews գործակալությունը՝ հղում անելով Վրաստանի ԱԳՆ-ին։
Թե կոնկրետ երբ դիվանագետը կժամանի Վրաստան, դեռևս հայտնի չէ։
Երկուշաբթի օրը` հուլիսի 3-ին, Սաակաշվիլին հիվանդանոցից տեսակապով մասնակցում էր Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստին՝ 2007 թվականին բողոքի ցույցը ցրելու գործով: Տեսանյութում նախկին նախագահը խիստ նիհար տեսք ուներ։ Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱԳՆ-ին հանձնարարել էր կանչել Վրաստանի դեսպանին և նրան փոխանցել 48 ժամվա ընթացքում երկիրը լքելու առաջարկը՝ Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող Սաակաշվիլիի հարցով Վրաստանում խորհրդակցություններ անցկացնելու համար: Վրաստանի ԱԳՆ-ում Կիևի որոշումը անվանել էին «դիվանագիտական հարաբերությունների սրման ծայրահեղ ձև», ինչպես նաև միջամտություն ինքնիշխան պետության ներքին գործերին:
Բացի այդ, Վլադիմիր Զելենսկին Ռուսաստան թռիչքների վերականգնման համար պատժամիջոցներ էր սահմանել վրացական Georgian Airways ավիաընկերության և դրա սեփականատեր Թամազ Գաիաշվիլիի նկատմամբ։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին անարդար էր անվանել պատժամիջոցները, որոնք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սահմանել էր վրացական Georgian Airways ավիաընկերության նկատմամբ։ «Սա առաջին ծանր և անարդար որոշումը չէ վրացական ժողովրդի նկատմամբ այն համերաշխության ֆոնին, որը մենք ցուցաբերում ենք Ուկրաինայի նկատմամբ»,- հայտարարել էր վրացի պաշտոնյան։
Լուսանկարը՝ Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայության
Մեկնաբանել