HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Meta-ն գործարկել է Twitter-ի սեփական տարբերակը՝ Threads-ը

Ամերիկյան Meta ընկերությունը, որին պատկանում են Facebook-ը, Instagram-ը և WhatsApp-ը, հուլիսի 6-ի գիշերը գործարկել է Threads տեքստային ծառայությունը, որը դիրքավորվում է որպես Twitter-ի գլխավոր մրցակից։ 

Ինչպես հայտարարել է Meta-ն, նոր ծառայությունում, որի արտաքին տեսքը բավականին նման է Twitter-ին, կարելի է հրապարակել մինչև 500 նիշ պարունակությամբ հաղորդագրություններ, ինչպես նաև` լուսանկարներ և մինչև 5 րոպե տևողությամբ տեսանյութեր։

Instagram-ի թիմի մշակած հավելվածն այդ սոցիալական ցանցի լրացումն է։ Ըստ ընկերության՝ Threads-ի տեսլականն է՝ վերցնել Instagram-ի լավագույնը ու ընդլայնել տեքստի հնարավորությունը՝  ստեղծելով դրական ստեղծագործական տարածք մարդկանց գաղափարների արտահայտման համար։

Հուլիսի 6-ի դրությամբ աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում՝ Հայաստանում հավելվածը հասանելի է App Store-ում և Google Play-ում։ TACC գործակալությունը գրում է, որ Threads-ը հասանելի է նաև Ռուսաստանում, սակայն գործում է միայն VPN-ի միացման պարագայում։

Եվրամիության տարածքում ծառայությունը դեռևս չի աշխատի։ Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին The Verge-ի հետ զրույցում նշել է, որ այդ որոշումը պայմանավորված է եվրոպական որոշ օրենքներով, որոնք ուժի մեջ պիտի մտնեն 2024 թվականին։ Այդուհանդերձ, ընկերությունում չեն հրաժարվում ԵՄ-ում այն գործարկելու մտադրությունից, սակայն դա, Մոսերիի խոսքով, «ավելի շատ ժամանակ կպահանջի»։

Meta-ի համահիմնադիր Մարկ Ցուկերբերգի խոսքով՝ գործարկումից հետո առաջին չորս ժամվա ընթացքում հավելվածում գրանցվել է ավելի քան 5 միլիոն օգտահաշիվ։

Հենց այս պահին Threads-ի գործարկումը մասնագետները կապում են այն ամենի հետ, ինչը տեղի է ունենում Twitter-ի հետ այն բանից հետո, երբ 2022 թվականի աշնանը սոցիալական ցանցը գնեց Tesla-ի և SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը։ Մասկի ղեկավարման ներքո Twitter-ում տեղի են ունենում մի շարք փոփոխություններ, որոնք ոչ միանշանակ արձագանք են գտել օգտատերերի շրջանում։

Լուսանկարը` Stefani Reynolds / AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter