
Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտարարել է Զապորոժյեի մարզում 7 բնակավայրի ազատագրման մասին
Ուկրաինայի զինված ուժերը վերջին մեկ շաբաթվա ընթացքում Զապորոժյեի մարզում ազատագրել են 7 բնակավայր: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետի տեղակալ, բրիգադի գեներալ Ալեքսեյ Գրոմովը։
Նրա տվյալներով՝ Ուկրաինան վերականգնել է իր վերահսկողությունը 103 քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ՝ հավելելով, որ ուկրաինական զորքերի առաջխաղացումը դեպի ռուսական զորքերի պաշտպանության խորքերը ռազմաճակատի տարբեր հատվածներում կազմել է 3-ից մինչև 6,5 կիլոմետր։
«Մելիտոպոլի ուղղությամբ վերականգնվել է վերահսկողությունը 22 քառակուսի կիլոմետրի նկատմամբ ու ազատագրվել է Լոբկովո գյուղը։ Բերդյանսկի ուղղությամբ ուկրաինացի զինվորականներն ազատագրել են 6 բնակավայր՝ Լևադնոյե, Նովոդարովկա, Նեսկուչնոյե, Ստորոժևո, Մակարովկա, Բելոգորովկա»,- հայտնել Է գեներալը։
Գրոմովը նաև ասել է, որ ուկրաինական կողմը չի ֆիքսում Ռուսաստանի կողմից հերթական մասշտաբային զորահավաքին նախապատրաստվելու նշաններ:
«Հավանաբար, դա պայմանավորված է Ուկրաինայում սեփական կորուստների լրջության մասին ռուսական հասարակության աճող իրազեկվածությամբ ու բնակչության նույնիսկ ամենաաղքատ խավերի անպատրաստությամբ, որոնք զորահավաքի հիմք էին հանդիսացել պատերազմին մասնակցելու համար»,- հավելել է ուկրաինացի գեներալը:
Լուսանկարը՝ REUTERS/Oleksandr Ratushniak
Մեկնաբանել