
ԱՄՆ-ում հերքում են Իրանի հետ միջուկային ծրագրի ժամանակավոր գործարքի մասին լուրերը
ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանի հետ ժամանակավոր միջուկային գործարքի մասին հաղորդագրությունները «կեղծ են և մոլորեցնող»: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն նախկինի պես հաստատակամ է թույլ չտալու, որ Իրանը միջուկային զենք ստանա, և որ իրենք հետևում են Իրանում ուրանի հարստացման գործընթացին:
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն դուրս եկավ 2015 թվականին ընդունված միջազգային համաձայնագրից, որը սահմանափակում Էր Իրանի միջուկային ծրագիրը, Թեհրանը բարձրացրեց ուրանի հարստացման մակարդակը և ավելացրեց հարստացված ուրանի իր պաշարները:
Իրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում և հերքում է միջուկային զենք ստեղծելու պնդումները:
«Մենք միամիտ չենք Իրանի ամբիցիաների և գործողությունների նկատմամբ, բայց մենք միշտ հավատացել ենք, որ դիվանագիտությունը լավագույն ճանապարհն է Իրանի կողմից միջուկային զենքի ստացումը թույլ չտալու համար։ Սակայն ԱՄՆ-ն դիտարկում է բոլոր հնարավոր տարբերակները»,- հայտարարել Է Միլերը։
Միջուկային գործարքի վերականգնման անուղղակի բանակցությունները ձախողվեցին նախորդ տարի, երբ ԱՄՆ-ն հայտարարեց, որ ներկայումս այդ հարցը առաջնային չէ: Այդուհանդերձ, երկու երկրների միջև Օմանի միջնորդությամբ ընթանում են գերիների վերադարձի շուրջ բանակցություններ։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել