HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեկնում է Չինաստան

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունիսի 18-19-ը կայցելի Չինաստան։ Նման հայտարարությամբ միաժամանակ հանդես են եկել ԱՄՆ պետքարտուղարությունը և Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Չինաստանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հունիսի 18-19-ը կայցելի Չինաստան»,- ասված է չինական կողմի հաղորդագրության մեջ։

Ամերիկյան կողմի տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ հունիսի 16-21-ը պետքարտուղար Բլինքենը կայցելի Պեկին և Լոնդոն։ Պեկինում, ըստ այդ հաղորդագրության, Բլինքենը հանդիպումներ կունենա չինական բարձր ղեկավար կազմի հետ։ Թե կոնկրետ ում հետ, կողմերը չեն մանրամասնում։

Ավելի վաղ, չինական արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը չէր մեկնաբանել Չինաստան ԱՄՆ պետքարտուղարի այցի վերաբերյալ տեղեկատվությունը։ «Այցի վերաբերյալ ես ներկայում տեղեկություն չունեմ, որը կարող եմ ձեզ հետ կիսվել»,- հայտարարել էր չինացի դիվանագետը։

Նա հավելել էր, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև նախօրեին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Ցին Գանը Էնթոնի Բլինքենին հայտարարել էր, որ Վաշինգտոնը չպետք է խառնվի Չինաստանի արտաքին քաղաքական գործերին, այդ թվում այն հարցերին, որոնք վերաբերվում են Թայվանին։

Ավելի վաղ, Associated Press գործակալությունը, հղում անելով ամերիկյան վարչակազմում իր աղբյուրներին հայտնել էր, որ հունիսի 18-ին Էնթոնի Բլինքենը պատրաստվում է այցելել Չինաստան, որի ընթացքում կարող է հանդիպել չինական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հտ։ Գործակալությունը նշել էր, որ ԱՄՆ պետքարտուղարին հնարավոր է ընդունի նաև Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

Ի սկզբանե Բլինքենի այցը Պեկին նախատեսված էր այս տարվա փետրվարին, սակայն ԱՄՆ երկնքում չինական օդապարիկի պատճառով, որն ավելի ուշ խոցվել էր ԱՄՆ զինված ուժերի կողմից, Բլինքենը հետաձգել էր իր այցը։ Պեկինը պնդում է, որ այդ օդապարիկը հետախուզական չի եղել, այլ կիրառվել է օդերևութաբանական նպատակներով, սակայն Վաշինգտոնում վստահ են, որ դրա օգնությամբ Չինաստանը հավաքում էր հետախուզական տվյալներ։ 

Լուսանկարը՝ Bloomberg գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter