Նոթինգհեմում հարձակման հետևանքով սպանվել է 3 մարդ
Մեծ Բրիտանիայի Նոթինգհեմ քաղաքում միևնույն անձը կասկածվում է մի քանի հարձակում իրականացնելու մեջ, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ, ևս 3-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն՝ հղում անելով բրիտանական ոստիկանությանը։ Սպանության կասկածանքով՝ ձերբակալվել է 31-ամյա մի տղամարդ։
Ոստիկանության փոխանցմամբ՝ Լոնդոնից 200 կիլոմետր դեպի հյուսիս գտնվող այս քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում հայտնաբերվել է 2 մարդու մարմին։ Դրանից հետո ոստիկանություն է կանչվել առաջին դեպքից ոչ շատ հեռու գտնվող մեկ այլ վայր, որտեղ տղամարդը փորձել էր մեքենան վարել անցորդների վրայով։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։
Իսկ ավելի ուշ արդեն քաղաքի կենտրոնից ոչ շատ հեռու հայտնաբերվել է ևս մեկ մարդու մարմին։ «Մենք կարծում ենք, որ բոլոր երեք պատահարների միջև կապ կա»,- հայտարարել է Նոթինգհեմի ոստիկանապետ Քեյթ Մեյնելը։ Կասկածյալի գործողությունների մոտիվների մասին դեռևս չի նշվում։ Մեյնելի խոսքով՝ հետաքննությունը շարունակվում է։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը շնորհակալություն է հայտնել փրկարար ծառայություններին ու ոստիկանությանը իրենց կատարած աշխատանքի համար և ցավակցել զոհվածների հարազատներին։
Լուսանկարը՝ Jacob King/PA Images/Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել