
Մահացել է Սիլվիո Բեռլուսկոնին
87 տարեկան հասակում մահացել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին։ Այդ մասին հայտնում են իտալական լրատվամիջոցները։ Նրանց փոխանցմամբ՝ Բեռլուսկոնին մահացել է Միլանի Սան Ռաֆայելե հիվանդանոցում։
Ապրիլին քաղաքական գործիչը հոսպիտալացվել էր թոքերի ախտահարմամբ, որը կապված էր քրոնիկ լեյկեմիայի հետ։
2020 թվականին Բեռլուսկոնին կորոնավիրուսով 11 օր անցկացրել էր հիվանդանոցում։ Նա վարակվել էր Սարդինիա կղզում արձակուրդի ժամանակ։ Այդ ժամանակ քաղաքական գործիչը հոսպիտալացումն անվանել էր «կյանքի թերևս ամենածանր փորձությունը»։
Սիլվիո Բեռլուսկոնին մեդիամագնատ էր, Իտալիայի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նա այդ երկրի պատմության մեջ ամենաշատն է զբաղեցրել վարչապետի պաշտոնը։
Բեռլուսկոնիի քաղաքական և գործարար կարիերան ուղեկցվում էր բազմաթիվ սկանդալներով, իսկ նրա արտահայտությունները հաճախ դառնում էին խիստ քննադատության թիրախ։ Ինչպես գրում են իտալական լրատվամիջոցները, այդ քաղաքական գործչի հակասական կերպարը իտալացիների մոտ կամ հիացմունք, կամ էլ արհամարհանք էր առաջացնում։
Բեռլուսկոնին առաջին անգամ իտալական կառավարությունը գլխավորել էր 1994 թվականին՝ «Առաջ, Իտալիա» կուսակցության հիմնադրումից երկու ամիս անց։ Հիմա այդ կուսակցությունը իշխող կոալիցիայի անդամ է, իսկ ինքը՝ Բեռլուսկոնին, նախորդ տարվա սեպտեմբերից XIX գումարման Սենատի անդամ էր։
Լուսանկարը՝ CNN-ից
Մեկնաբանել