
Եվրոպայում կարծում են, որ ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը պետք է լինի ԵՄ-ից
Եվրոպական երկրներում այն կարծիքին են, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը պետք է դառնա Եվրամիության անդամ երկրներից մեկի ներկայացուցիչը։ Այդ մասին գրում է The New York Times-ը՝ հղում անելով ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկին։
Պարբերականի տվյալներով՝ այդպիսի տեսակետ ունեն Ֆրանսիան և ԵՄ անդամ մի շարք երկրներ։ Այդպիսով, պարբերականը նշում է, որ դա բացառում է Հյուսիսատլանտյան դաշիքի ղեկավարի պաշտոնում Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի նշանակումը։
Բացի այդ, դաշինքում կարծում են, որ Կենտրոնական Եվրոպայի և Մերձբալթյան տարածաշրջանի երկրներից թեկնածության առաջադրումը չի կարող հաստատվել, քանի որ դրանց ներկայացուցիչները չափից դուրս ագրեսիվ դիրքորոշում ունեն Ռուսաստանի նկատմամբ։
ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի մանդատն ավարտվում է 2023 թվականի սեպտեմբերի 30-ին։
Ինչպես հայտարարել էր Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դեռևս չի որոշել, թե Վաշինգտոնը ում թեկնածությունը կպաշտպանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում։
Սթոլթենբերգը մայիսի 15-ին հաստատել էր, որ լիազորությունների ժամկետի ավարտից հետո մտադիր է լքել այդ պաշտոնը։ Ամենահավանական թեկնածուների շարքում նշվում է Ուոլեսը, որը մայիսի 18-ին գերմանական dpa գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ պատրաստ է գլխավորել դաշինքը։ Մեկ այլ թեկնածու է Կանադայի ֆինանսների նախարար և փոխվարչապետ Խրիստա Ֆրիլանդը։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել են, որ չեն հավակնում այդ պաշտոնին։
Դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում թեկնածուի ընտրության հարցում մեծ դերակատարում ունի Միացյալ Նահանգները։
Լուսանկարը՝ Associated Press գործակալության
Մեկնաբանել