Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը
Մոսկվայում ընթանում է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի նիստը, որին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները։ Այդ մասին ուրբաթ օրը՝ հունիսի 2-ին, TACC գործակալությանը հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը։
«Մոսկվայում, պետությունների ղեկավարների հանձնարարականի համաձայն, աշխատանքն է սկսել եռակողմ աշխատանքային խումբը՝ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ»,- հայտնել է Մատվեևը։
Ավելի վաղ Օվերչուկը լրագրողներին հայտնել էր, որ հարցերը, որոնք կդիտարկվեն հանդիպման ընթացքում, «վերաբերում են տեխնիկական դետալներին, որոնք կապված են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի հատման կարգի հետ»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրեցին եռակողմ հայտարարություն, որով Արցախում ավարտվեց 44-օրյա պատերազմը։ 2021 թվականի հունվարի 11-ին նրանք պայմանավորվել էին փոխվարչապետների մակարդակով ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ, որը կկենտրոնանար տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի բացման ուղղությամբ։
Լուսանկարը՝ արխիվային/Հայաստանի հանրային ռադիո
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել