Աշխարհում էականորեն կրճատվել է միլիոնատերերի թիվը
Նախորդ տարի ողջ աշխարհում միլիոնատերերի թիվը էականորեն նվազել է։ 2022 թվականին մոտ 21,7 միլիոն մարդ, ինչը 3,3 %-ով ավելի քիչ է, քան նախորդ տարի, ունեցել է 1 միլիոն դոլարը գերազանցող կարողություն, առանց հաշվի առնելու անշարժ գույքը։ Այդ մասին Deutsche Welle-ի փոխանցմամբ հունիսի 1-ին հայտնել է ֆրանսիական Capgemini ընկերությունը։
Ընդհանուր առմամբ, Երկրագնդի ամենահարուստ մարդկանց գումարային կարողությունը կրճատվել է 3,6 %-ով՝ հասնելով մինչև 83 տրիլիոն դոլարի։
«Սա 10 տարվա ընթացքում ամենախոշոր կրճատումն է, որն առաջացել է մակրոտնտեսական և աշխարհաքաղաքական անորոշության պատճառով»,- նշել է ֆրանսիական ընկերությունը։ Ընկերության ֆինանսական մասնագետներն առկա իրավիճակը վերլուծել են 71 երկրում։
Ընկերության փոխանցմամբ՝ ամենաշատը (7,4 %-ով) միլիոնատերերի թիվը կրճատվել է Հյուսիսային Ամերիկայում։ Եվրոպայում գրանցվել է 3,2 % կրճատում, իսկ Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 2,7 %։ Միևնույն ժամանակ Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Մերձավոր Արևելքում, հակառակը, այն աճել է։ Դրա պատճառն առաջին հերթին ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով նավթի ու գազի գների աճն է։
Capgemini-ի ֆինանսական հետազոտությունների բաժնի ղեկավար Էլիաս Գանեմը ուղիղ կապ է տեսնում միլիոնատերերի թվի կրճատման և բաժնետիրական բորսաներում առկա իրավիճակի միջև։
Լուսանկարը՝ Hyejin Kang / iStock / Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել