Լատվիայի արտաքին գործերի նախարարն ընտրվել է երկրի նախագահ
Լատվիայի սեյմը երկրի նոր նախագահ է ընտրել։ Այդ պաշտոնը կզբաղեցնի արտաքին գործերի գործող նախարար Էդգար Ռինկևիչը։
Ռինկևիչի թեկնածությունն առաջադրել է Լատվիայի վարչապետի գլխավորած «Նոր միասնություն» կուսակցությունը։ Ընդ որում, իշխող կոալիցիայի ոչ բոլոր կուսակցություններն են աջակցել արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին, այդ իսկ պատճառով նրա ընտրության համար պահանջվել է անցկացնել ընտրությունների երեք փուլ։ Վերջին փուլում Ռինկևիչը ստացել է 52 ձայն, այն դեպքում, երբ ընտրվելու համար անհրաժեշտ էր 51-ը։
Նախագահի պաշտոնում Ռինկևիչը կփոխարինի Էգիլս Լևիտսին, որը նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2019 թվականից։ Այս ընտրություններին Լևիտսն իր թեկնածությունը չէր առաջադրել։
Լատվիան խորհրդարանական հանրապետություն է։ Նախագահը պետության ֆորմալ ղեկավարն է, սակայն առավել քիչ լիազորություններ ունի, քան վարչապետը։ Ռինկևիչը դարձել է Լատվիայի յոթերորդ նախագահը` 1991 թվականին այդ երկրի անկախության վերականգնման պահից։
Լուսանկարը՝ baltics.news-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել