
Ադրբեջանը լրացուցիչ 650 մլն դոլար կծախսի անվտանգության և պաշտպանության վրա
Ադրբեջանի կառավարությունը 2023 թվականին բյուջեից կհատկացնի լրացուցիչ 1,11 միլիարդ մանաթ (մոտ 650 միլիոն դոլար)՝ պաշտպանունակության ամրապնդման և ազգային անվտանգության ծախսերի համար։ Այդ մասին նշվում է այդ երկրի ֆինանսների նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
«Երկրի պաշտպանունակության և ազգային անվտանգության ամրապնդման համար պլանավորվում է հատկացնել լրացուցիչ 1,11 միլիարդ մանաթ, այդ թվում՝ հատուկ նախագծերի և պաշտպանական նշանակության միջոցառումների համար 1 միլիարդ մանաթ (588 միլիոն դոլար)»,- ասված է գերատեսչության կայքում։ Ադրբեջանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ ավելացումից հետո, հատուկ նախագծերի և պաշտպանական նշանակության միջոցների ծախսերը կկազմեն 3,07 միլիարդ մանաթ (1,81 միլիարդ դոլար)։
Ադրբեջանական կողմը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղում իրականացվող աշխատանքների համար պլանավորվում է ծախսերը 2,26 միլիարդ մանաթից (1,3 միլիարդ դոլար) հասցնել մինչև 5,26 միլիարդի (3,1 միլիարդ դոլար)։
Ադրբեջանի խորհրդարանի կողմից 2022 թվականի վերջին ընդունված 2023 թվականի բյուջեով պաշտպանության և անվտանգության համար նախատեսված էր հատկացնել 5,3 միլիարդ մանաթ (3,1 միլիարդ դոլար), իսկ Լեռնային Ղարաբաղում աշխատանքների համար՝ 3 միլիարդ մանաթ (մոտ 1,8 միլիարդ դոլար)։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության/Wikimedia Commons
Մեկնաբանել