Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ժամանել է Կիև
Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը մայիսի 9-ի առավոտյան ժամանել է Կիև, որպեսզի իր աջակցությունը հայտնի Ուկրաինային։ Այդ մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
«Ուրախ եմ վերադառնալ Կիև։ Որտեղ արժեքները, որոնք կարևոր են մեզ համար, պաշտպանվում են ամեն օր։ Այդ իսկ պատճառով սա շատ տեղին վայր է՝ նշելու Եվրոպայի օրը։ Ես ողջունում եմ նախագահ Վլադիմիր Զելենսկու որոշումը՝ մայիսի 9-ը այստեղ՝ Ուկրաինայում, ևս տոնել որպես Եվրոպայի օր»,- գրել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը։
Good to be back in Kyiv.
— Ursula von der Leyen (@vonderleyen) May 9, 2023
Where the values we hold dear are defended everyday.
So it is such a fitting place to celebrate the day of Europe.
I welcome President @ZelenskyyUa's decision to make 9 May Europe Day also here in Ukraine. pic.twitter.com/MEGOEfgyIq
Կիև Ուրսուլա ֆոն դեր Լյայենի այցի մասին նախօրեին Բրյուսելում հայտարարել էր Հանձնաժողովի մամուլի ծառայության ղեկավար Էրիկ Մամերը։ «Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը վաղը մեկնում է Կիև։ Եվրոպայի օրը նա իր ամբողջական աջակցությունը կհայտնի Ուկրաինային»,- ասել է Մամերը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այցի այլ մանրամասներ չէին նշվել։
Մամերը, սակայն, հավելել էր, որ Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և Ուկրաինայի ժողովրդին հանձնել Կառլ Մեծի անվան մրցանակը, որն ամեն տարի շնորհվում է ԵՄ միավորմանն աջակցելու համար։ Բացի այդ, Մամերը նշել է, որ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի Կիևը այցի նպատակներից մեկն էլ կդառնա Ուկրաինային սպառազինության մատակարարման շարունակման ԵՄ մտադրության հաստատումը։
Սա վերջին մեկ տարվա մեջ առաջին դեպքն է, երբ Կիև եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի այցի մասին հայտարարությունն արվում է նախապես։ Մինչ այդ, այդ մասին նշվում էր միայն այն ժամանակ, երբ բարձրաստիճան պաշտոնյան արդեն իսկ գտնվում էր Ուկրաինայի տարածքում։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել