Պրիգոժինը հայտարարել է, որ ՌԴ ՊՆ-ն խոստացել է անհրաժեշտ քանակով զենք տրամադրել վագներականներին
«Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը խոստացել է իր մարտիկներին տրամադրել անհրաժեշտ սպառազինություն։ Պրիգոժինի հայտարարությունը հրապարակվել է «Пресс-служба Пригожина» տելեգրամյան ալիքում։
«Այս գիշեր մենք այս ամբողջ ընթացքում առաջին անգամ ստացանք մարտական կարգադրություն, որտեղ մեզ խոստանում են տալ զինամթերք և սպառազինություն՝ այնքան, որքան անհրաժեշտ է մարտական գործողությունները շարունակելու համար։<...> եվ մեզ տալիս են Սուրովիկինին որպես մարդ, որը կընդունի բոլոր որոշումները՝ պաշտպանության նախարարության հետ «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հետ փոխգործակցության շրջանակներում»,- հայտարարել է Պրիգոժինը։
Հիշեցնենք, որ շաբաթ՝ մայիսի 6-ին, Պրիգոժինը կապ էր հաստատել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ներկայացուցիչների հետ՝ մայիսի 10-ին Բախմուտում իրենց դիրքերը փոխանցելու համար։
Կադիրովը հայտարարել էր, որ ստորագրել է Ռուսաստանի նախագահին ուղղված նամակն այն մասին, որ «Ախմատ» ստորաբաժանումը պատրաստ է մեկնել Բախմուտ։
Մայիսի 4-ին և 5-ին Պրիգոժինը տեսանյութեր էր հրապարակել, որտեղ հայտարարել էր՝ «Վագներ» մասնավոր զինվորական ընկերությունը մայիսի 10-ին դուրս կհանի իր զորքերը, եթե անհրաժեշտ սպառազինություն չստանա ՌԴ ՊՆ-ից։ Պրիգոժինի խոսքով՝ մայիսի 1-ից ՌԴ ՊՆ-ն իր վարձկաններին տրամադրում էր անհրաժեշտ սպառազինության միայն 10 %-ը։
Լուսանկարը՝ Пресс-служба компании "Конкорд"/ ТАСС
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել