HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լեյբորիստները 20 տարվա մեջ առաջին անգամ Անգլիայում վերցրել են ՏԻՄ մանդատների մեծամասնությունը

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցությունը, Անգլիայի տեղական իշխանության մարմինների ընտրությունների արդյունքներով, կստանա 2674 մանդատ, այն դեպքում, երբ իշխող Պահպանողական կուսակցությունը կունենա մոտ 2299-ը։ Ինչպես հայտնել է BBC-ն, 2002 թվականից ի վեր առաջին անգամ լեյբորիստները կարողացան շրջանցել թորիներին և դարձան Անգլիայում ամենախոշոր քաղաքական ուժը մունիցիպալ մակարդակում։

Ընտրությունների արդյունքների համաձայն, որոնք կայացել էին մայիսի 4-ին, լեյբորիստները առնվազն 532 մանդատով բարելավել են իրենց դիրքերը։ Ընդորում, պահպանողականներն զրկվել են ավելի քան 1000 մանդատից։ Լեյբորիստների առաջնորդ Քիր Սթարմերը հայտարարել է, որ իր կուսակցությունը գտնվում է համընդհանուր խորհրդարանական ընտրություններում հաղթանակի ճանապարհին, որոնք պետք է կայանան ոչ ուշ, քան 2025 թվականի հունվարին։ Լեյբորիստական կուսակցությունում նշել են, որ «բրիտանական հանրությունը հստակ ազդակ է ուղարկել, որը վկայում է վարչապետ Ռիշի Սունաքի՝ անընդունելի լինելու մասին»։

«Լիբերալ դեմոկրատներ» կուսակցությունը տեղական իշխանության մարմիններում ավելի քան 400 մանդատով մեծացրել է իր ներկայացուցիչների թիվը՝ այն հասցնելով մինչև 1626-ի։ Ընդհանուր առմամբ, ընտրողները որոշում էին ավելի քան 8000 մանդատի ճակատագիրը։ 152 տեղական խորհուրդների կազմերն ամբողջությամբ վերընտրվել են։

Ինչպես ավելի վաղ նշել էին բրիտանական քաղաքական մեկնաբանները, ընտրությունների արդյունքները ցույց կտան, թե ինչքան ուժեղ է 2022 թվականի տնտեսական ու քաղաքական ճգնաժամը խարխլել տեղական մակարդակում թորիների դիրքերը։ Նաև հնարավոր կլինի եզրակացություններ անել այն մասին, թե արդյոք Ռիշի Սունաքին, որը 2022 թվականի հոկտեմբերին զբաղեցրեց այդ պաշտոնը, հաջողվել է շտկել իրավիճակն ու բարելավել բնակչության վերաբերմունքը կուսակցության նկատմամբ։

Մեկնաբանելով ընտրությունների արդյունքները՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը խոստովանել է, որ դրանք հիասթափեցնող են թորիների համար, սակայն հրաժարվել է այն համարել համընդհանուր ընտրություններում լեյբորիստների հաղթանակի գրավական։

Քվեարկությունը նաև թեստ էր հենց Սթարմերի համար։ BBC-ի հաշվարկների համաձայն՝ եթե համընդհանուր ընտրությունները կայանային հիմա, ապա լեյբորիստները կստանային ընտրողների 35 %-ի աջակցությունը, այն դեպքում, երբ պահպանողականները՝ միայն 26 %-ը։ Սակայն բրիտանական գլխավոր մեդիան նշում է, որ այդ պարագայում Լեյբորիստական կուսակցությունը դժվար թե ստանա խորհրդարանում մանդատների մեծամասնությունը, իսկ դա նշանակում է, որ ստիպված կլինի ձևավորել կոալիցիա։

Լուսանկարում՝ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Սթարմերը/Reuters գործակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter