ԱՄՆ-ն պատրաստվում է արագացված ընթացակարգով Թայվանին 500 միլիոն դոլարի զենք փոխանցել
Միացյալ Նահանգները պատրաստվում է արագացված ընթացակարգով Թայվանին փոխանցել 500 միլիոն ԱՄՆ դոլարի սպառազինություն։ Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ 500 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ «սպառազինությունը կամ օժանդակ սարքավորումները», ինչպես ակնկալվում է, կհատկացվի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանագրով՝ ամերիկյան առկա պաշարներից։ Թե կոնկրետ ինչ սարքավորումներ կներառի այդ փաթեթը, դեռևս հայտնի չէ, նշում է Bloomberg-ը։
Ինչպես գրում է գործակալությունը, 2022 թվականի դեկտեմբերին ընդունված 2023 թվականի ֆինանսական տարվա՝ ԱՄՆ պաշտպանական բյուջեում (սկսվել է հոկտեմբերի 1-ին) կա կետ, համաձայն որի, նախագահը, իր հայեցողությամբ, կարող է Թայվանին մինչև 1 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական օգնություն տրամադրել։ Այդ գործընթացը ամերիկյան վարչակազմին հնարավորություն է տալիս արագացված ռեժիմով դաշնակիցներին փոխանցել սպառազինություն՝ երկրի ունեցած պաշարներից, այլ ոչ թե կնքել դրանց արտադրության պայմանագրեր։
Bloomberg-ն ընդգծում է, որ այդ գործընթացը նախկինում չի կիրառվել Թայվանին սպառազինության փոխանցման համար։ Ընդորում, ԱՄՆ վարչակազմը դա կիրառում է Ուկրաինային սպառազինության մատակարարման արագացման համար։
Թայվանը 1949 թվականից կառավարվում է սեփական վարչակազմի կողմից, սակայն, համաձայն պաշտոնական դիրքորոշման, որին աջակցում են աշխարհի երկրների մեծ մասը, այդ թվում ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, կղզին հանդիսանում է Չինաստանի մի մաս։ Վաշինգտոնը 1979 թվականին խզեց դիվանագիտական հարաբերությունները Թայբեյի հետ և հարաբերություններ հաստատեց Պեկինի հետ։ Ճանաչելով «Մեկ Չինաստանի» քաղաքականությունը՝ Վաշինգտոնը շարունակում է կապեր պահպանել նաև Թայբեյի վարչակազմի հետ և սպառազինություն ուղարկել այդ կղզի։
Լուսանկարը՝ REUTERS/Tyrone Siu/File Photo
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել