HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Դիվանագիտական սկանդալ Ֆրանսիայի և Իտալիայի միջև. Հռոմը ներողություն է պահանջում Փարիզից

Ֆրանսիայի և Իտալիայի միջև դիվանագիտական սկանդալ է ծագել, որն արդեն իսկ դարձել է Փարիզ Իտալիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնական այցի չեղարկման պատճառ։ Ինչպես գրում է Reuters գործակալությունը, սկանդալի պատճառը միգրացիոն խնդրի մասին ֆրանսիական կողմի արտահայտություններն են։

Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Անտոնիո Տայանին պետք է Ֆրանսիա մեկներ հինգշաբթի օրը՝ մայիսի 4-ին, սակայն վերջին րոպեին նա չեղարկել է իր այցը։ Որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանինը իտալական կառավարությանը մեղադրեց անօրինական միգրացիայի դեմ պայքարում ձախողման մեջ։ 

Նրա խոսքով՝ Իտալիայի գործող վարչապետ Ջորջիա Մելոնին «չի կարողացել լուծել միգրացիոն խնդիրները, ինչի խոստումների շնորհիվ նա ընտրվել էր»։ Դարմանինը նաև կարծիք է հայտնել, որ Մելոնին «ստել է ընտրողներին, որոնց խոստացել էր վերջ դնել միգրացիոն ճգնաժամին»։

Իտալական կառավարությունում այդ հայտարարությունը համարել էին երկրի ու անձամբ վարչապետի հասցեին «վիրավորական»։ «Եթե ինչ-որ մեկը անհիմն վիրավորում է, ամենաքիչը, ինչը նրանք կարող են անել, ներողություն խնդրելն է։ Այս դեպքում նա վիրավորել է բոլոր իտալացիներին, ինչպես նաև կառավարությանն ու վարչապետին»,- հայտարարել է Իտալիայի արտաքին գործերի նախարարը։ 

Նույն օրը պաշտոնական Փարիզը շտապել էր հայտարարություն անել, որտեղ Հռոմին վստահեցրել էր համագործակցության իր պատրաստակամության մասին, սակայն Տայանին դարձյալ հրաժարվել էր մեկնել Փարիզ։ Ավելի ուշ, նա հայտարարել էր, որ Փարիզը, կարծես թե, հասկացել է «բացթողած լուրջ սխալը»։

«Մեր կողմից մտադրություն չկա փչացնելու հարաբերությունները կամ բացասական հարաբերություններ ունենալ Ֆրանսիայի հետ։ Ես հույս ունեմ, որ այդ պոլեմիկան շուտով կավարտվի»,- հայտարարել է դիվանագետը։

Միգրացիոն հիմնախնդիրը թեժ թեմա է Ֆրանսիայի և Իտալիայի միջև։ Ընդորում, Փարիզի ու Հռոմի տեսակետները նման էին, քանի դեռ Իտալիան ղեկավարում էր Մարիո Դրագին։ Սակայն նախորդ տարվա հոկտեմբերին Իտալիայի վարչապետի պաշտոնում աջ պահպանողական Ջորջիա Մելոնիի ընտրությունից հետո՝ երկու երկրների հարաբերությունները կտրուկ սառեցին, քանի որ Ֆրանսիան ավանդաբար ավելի ձախ է։ 

Այս տարվա փետրվարին Իտալիայի և Ֆրանսիայի միջև փոքր սկանդալ էր ծագել, որին անուղղակի մասնակից էր դարձել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Այդ ժամանակ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին վիրավորվել էր, որ իրեն չեն հրավիրել Փարիզում Ուկրաինայի նախագահի հետ ընթրիքին, որին մասնակցում էր նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Լուսանկարում՝ Ժերալդ Դարմանինը և Ջորջիա Մելոնին/westobserver.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter