Թուրքմենստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ
Թուրքմենստանում սահմանադրական բարեփոխումներից հետո մեկնարկել են խորհրդարանական առաջին ընտրությունները։ Ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն, ընտրվում են նաև իշխանության տեղական ինքնակառավարման մարմինների անդամները։ Ընտրատեղամասերը բացվել են տեղի ժամանակով 07:00-ից (Երևանի ժամանակով՝ 08:00-ից) և բաց կլինեն մինչև 19:00-ն (Երևանի ժամանակով՝ 20:00-ն)։
Թուրքմենստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին մի քանի կուսակցություններից առաջադրվել է 175 թեկնածու, այդ թվում Թուրքմենստանի ժողովրդավարական կուսակցությունից, Թուրքմենստանի ագրարային կուսակցությունից, Թուրքմենստանի արդյունաբերողների ու ձեռնարկատերերի կուսակցությունից, ինչպես նաև քաղաքացիական խմբերից։
Զուգահեռաբար, արևմտյան դիտորդները Թուրքմենստանում ընտրությունները չեն համարում արդար և ազատ։ Ինչպես փոխանցում է AFP գործակալությունը, քվեաթերթիկներում չկա ընդդիմադիր որևէ քաղաքական գործիչ, իսկ երկրում գործում է քաղաքական կոշտ գրաքննություն։
Իրավապաշտպանների կարծիքով՝ միջինասիական այս երկիրը համարվում է աշխարհի ամենակոշտ բռնապետություններից մեկը և ապրում է մեկուսացման մեջ, որը համեմատելի է Հյուսիսային Կորեայի հետ։ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության վարկանիշում Թուրքմենստանը գտնվում է ստորին հորիզոնականներում այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան, Էրիթրեան և Իրանը։
Նախկին խորհրդային այս երկրում արդեն 16 տարի իշխում է Բերդիմուհամեդովների ընտանիքը։ 2022 թվականի մարտին այդ երկրի բազմամյա ղեկավար Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը իշխանությունը փոխանցեց որդուն՝ Սերդարին, սակայն չհեռացավ քաղաքական կյանքից։ Հունվարին նա կողմ արտահայտվեց խորհրդարանի վերին պալատի կազմացրմանը, որը վերջինիս կողմից կազմավորվել էր 2021 թվականին։
Բարեփոխումը միաձայն ընդունվեց, որից հետո Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը նշանակվեց նոր գլխավոր սահմանադրական մարմնի՝ Ազգային խորհրդի ղեկավար, որը որոշում է Թուրքմենստանի ներքին և արտաքին քաղաքականության ուղղությունները և փաստացի ունի ավելի մեծ ազդեցություն, քան խորհրդարանը։
Այլ երկրներում ապրող թուրքմենները Բերդիմուհամեդով ավագին մեղադրում են այլախոհների հետապնդման ու անձի պաշտամունքի կերտման մեջ, որի դրսևումներից մեկը դարձել է մայրաքաղաք Աշխաբադում Բերդիմուհամեդովի 21-մետրանոց արձանի տեղադրումը։
Լուսանկարը՝ westobserver.com-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել