ՆԱՏՕ-ն կարող է մինչև 300 000 զինվորական տեղակայել Ռուսաստանի հետ սահմանին
ՆԱՏՕ-ում քննարկում են Ռուսաստանի հետ սահմանի մոտ զորքերի և ռազմական տեխնիկայի սեփական խմբավորման լրացուցիչ ուժեղացման հնարավորությունը։ Այդ մասին գրում է Politico-ն։ Այդպիսով դաշինքը, ինչպես նշում է պարբերականը, հույս ունի կանգնեցնել Ուկրաինայի սահմաններից դուրս մարտական գործողությունների հնարավոր ընդլայնումը։
Պարբերականի տվյալներով՝ ՆԱՏՕ-ի պաշտոնյաներն առաջ են քաշում Դաշինքի արևելյան սահմանին մինչև 300 000 զինվորականի տեղակայման գաղափարը։ Այսպես, Դաշինքի զորքերի առաջին էշելոնը կարող է բաղկացած լինել մոտ 100 000 զինվորականից, որոնք պատրաստ են բացազատվելու 10 օրվա ընթացքում։ Դրա կազմում կարող են լինել Լեհաստանի, Նորվեգիայի, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի զինված ուժերի ներկայացուցիչները։ Երկրորդ էշելոնը կաջակցի առաջին էշելոնին և պետք է պատրաստ լինի 10-30 օրվա ընթացքում բացազատվելու այնպիսի երկրներից, ինչպիսին Գերմանիան է։
Սակայն, ինչպես գրում է Politico-ն, այս ռազմավարությունը ՆԱՏՕ-ի անդամներից պահանջում է էական ջանքեր և համակարգում, իսկ Դաշինքի բազմաթիվ երկրներ անհանգստացած են սպառազինության ոչ բավարար պաշարներով, որոնց համալրումը պահանջում է ժամանակ և միջոցներ։
Ինչպես 2022 թվականի նոյեմբերին հայտնել էր The New York Times-ը, ՆԱՏՕ-ի 30 անդամից 20-ն էականորեն սպառել է իր ռազմական ռեսուրսները՝ դրանք ուղարկելով Ուկրաինա։
Անցած տարվա դեկտեմբերին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը հավանական էր համարել, որ Ուկրաինայում պատերազմը կարող է վերածվել Հյուսիսատլանտյան դաշինքի ու Ռուսաստանի միջև հակամարտության։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ում ամեն օր աշխատում են դրանից խուսափելու ուղղությամբ։
Լուսանկարը՝ Պենտագոնի մամուլի ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել