Ամերիկյան ավիաընկերությունները պահանջում են արգելել, որ օտարերկրյա ավիափոխադրողներն ԱՄՆ թռչեն Ռուսաստանի տարածքով
Ամերիկյան ավիաընկերությունները դիմել են Կոնգրեսին և Սպիտակ տանը՝ խնդրելով արգելել օտարերկրյա ավիաընկերություններին, որոնք թռչում են Միացյալ Նահանգներ, այդ թռիչքներն իրականացնել Ռուսաստանի տարածքի վրայով։ Այդ մասին գրում է The New York Times-ը։
Պատճառը Մոսկվայի կողմից ամերիկյան ավիաընկերությունների համար համանման արգելքն է։ Ամերիկյան ավիաընկերություններին արգելվել է Ռուսաստանի օդային տարածքով թռիչքներ իրականացնել։ Ասիա թռչելու համար ամերիկյան ավիաընկերությունները շրջանցում են Ռուսաստանի տարածքը, ինչը հանգեցնում է թռիչքի ժամանակահատվածի մեծացմանն ու վառելիքի ծախսի աճին։
Ամերիկյան ավիաընկերությունները նշում են, որ միևնույն ժամանակ Չինաստանի, Հնդկաստանի կամ Մերձավոր Արևելքի ավիաընկերությունները չեն բախվում այդպիսի սահմանափակումների հետ, ինչի հետևանքով էլ իրենց հաճախորդներին տոմսերի համար կարող են առաջարկել ցածր գներ։
Պարբերականը գրում է, որ մեկ տարվա ընթացքում ամերիկյան ավիաընկերությունները դրա պատճառով կորցրել են շուկայի մի մասը, որը գնահատվում է երկու միլիարդ դոլար։
Ինչպես փոխանցում է The New York Times-ը, ԱՄՆ տրանսպորտի նախարարությունը արդեն իսկ պատրաստել է հրամանի նախագիծ, որը կարգելի չինական ավիաընկերություններին Միացյալ Նահանգներ թռչել Ռուսաստանի վրայով։
ԱՄՆ Սենատում Ռուսաստանի վրայով թռչող չինական ավիափոխադրողների համար հնարավոր սահմանափակումները քննարկվել էր դեռևս այս տարվա փետրվարին։ Այդ ժամանակ որևէ որոշում չէր ընդունվել։
Ռուսաստանն իր օդային տարածքով արգելել էր ամերիկյան և եվրոպական ավիափոխադրողների թռիչքները՝ ի պատասխան եվրոպական և ամերիկյան համապատասխան արգելքներին, որոնք փակել էին իրենց օդային տարածքը ռուսական ավիաընկերությունների համար։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը փակել է իր օդային սահմանը 36 երկրի համար։
Լուսանկարը՝ Smiley N. Pool-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել