
Երևանի տրանսպորտային պարկը կհամալրվի 150 նոր ավտոբուսով
Կառավարությունը 660 մլն դրամի մաքսատուրքից ազատման արտոնություն կտրամադրի «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերությանը՝ 150 նոր ավտոբուսներ ներկրելու համար։ Որոշումն ընդունվեց Կառավարության փետրվարի 16-ի նիստում։
Ընկերությունը մայրաքաղաքի կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսում է շարունակել ավտոբուսային երթուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը քաղաքային նշանակության նոր 150 ավտոբուսով՝ բացառելով միկրոավտոբուսները՝ Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում։
Ներկրվել է Zhongtong bus LCK6860HGN մակնիշի Euro 5 բնապահպանական ստանդարտի, 4*2 անիվների դասավորությամբ, քաղաքային կոնֆիգուրացիայի, հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, առնվազն 22+1 նստատեղերի առկայությամբ և 38 կանգնած ուղևորների տեղափոխման հնարավորությամբ 150 միջին դասի ավտոբուսներ։
Քաղաքային տրանսպորտի 9 ավտոբուսային երթուղիները կհամալրվեն նոր շարժակազմով, և ավտոբուսային երթուղիների քանակը կավելանա 5-ով։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 6․6 մլրդ դրամի ներդրում ավտոբուսների ձեռքբերման համար։
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 492 նոր աշխատատեղ՝ 317 հազ. դրամ միջին ամսական աշխատավարձով։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 6․6 մլրդ դրամ:
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստին հայտնեց, որ 150 Zhontong ավտոբուսները, ինչպես նաև MAN մակնիշի 87 ավտոբուսները արդեն Երևանում են, և մոտ մեկ ամվսա ընթացքում երթուղի դուրս կգա.
Մեկնաբանել