HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Քեմալ Քըլըչդարօղլուն կլինի նախագահական ընտրություններում Էրդողանի գլխավոր մրցակիցը

Մի քանի ամիս տեղի ունեցած թեժ քննարկումներից ու բանավեճերից հետո Թուրքիայի ընդդիմադիր վեց կուսակցությունների դաշինքը՝ «Ժողովրդական դաշինքը», հայտարարել է առաջիկա նախագահական ընտրություններում իր միասնական թեկնածուի անունը, որը, հավանաբար, կկայանա մայիսի 14-ին։ Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ ընդդիմության միասնական թեկնածուն կլինի քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության 74-ամյա առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն:

«Մեր միակ նպատակը երկիրը բարգավաճման, խաղաղության և ուրախության բերելն է։ Մենք Թուրքիան կկառավարենք խորհրդակցությունների և փոխհամաձայնության հիման վրա»,- հայտարարել է Քըլըչդարօղլուն՝ Անկարայում ելույթ ունենալով հազարավոր աջակիցների առաջ։

Ժողովրդական դաշինքը երկար ժամանակ չէր կարողանում պայմանավորվել միասնական թեկնածուի հարցի շուրջ, իսկ վերջին օրերին նույնիսկ ի հայտ էին եկել ընդդիմադիր դաշինքի պառակտման նախանշաններ։ Հինգ կուսակցություններ համաձայնվել էին Քեմալ Քըլըչդարօղլուի առաջադրմանը։ Նրա թեկնածությանը դեմ էր հանդես գալիս Լավ կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները։ Նա առաջարկում էր Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կամ Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշի թեկնածությունը, որոնք ևս Ժողովրդահանրապետական կուսակցության անդամներ են։ 

Վերջին պահին ձեռք բերված պայմանավորվածությունը ենթադրում է, որ Քըլըչդարօղլուի հաղթանակի պարագայում ընդդիմադիր հինգ կուսակցությունների առաջնորդները կդառնան փոխնախագահներ։ Բացի այդ, դաշինքը նախատեսում է «հարմար պայմաններում» Ստամբուլի և Անկարայի քաղաքապետերին ևս նշանակել փոխնախագահի պաշտոններում։

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները, հավանաբար, կկայանան մայիսի 14-ին։ Ընդդիմության թեկնածուի գլխավոր մրցակիցը կլինի Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հաղթելու պարագայում ընդդիմադիր դաշինքը ցանկանում է վերադարձնել կառավարման խորհրդարանական համակարգը, որը Էրդողանի օրոք փոխվել էր նախագահականի։ Բացի այդ, «Ժողովրդական դաշինքը» մտադիր է պայքարել ինֆլյացիայի դեմ, վերականգնել երկրի կենտրոնական բանկի անկախությունը, և շարունակել Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրամիությանն անդամակցությանը։ 

Ժողովրդահանրապետական և Լավ կուսակցություններից զատ, «Ժողովրդական դաշինքի» մեջ մտնում են նաև Թեմել Քարամոլլաօղլուի գլխավորած Երջանկության (թուրքերեն՝ Saadet) կուսակցությունը, Ալի Բաբաջանի՝ Ժողովրդավարության և առաջընթացի կուսակցությունը, Ահմեդ Դավութօղլուի՝ Ապագայի կուսակցությունը և Գյուլթեքին Ույսալի գլխավորած Դեմոկրատական կուսակցությունը։ Նախկինում Դավութօղլուն Էրդողանի նախագահության տարիներին զբաղեցրել է արտաքին գործերի նախարարի ու վարչապետի պաշտոները, իսկ Ալի Բաբաջանը Էրդողանի կառավարությունում զբաղեցրել է ԱԳ նախարարի ու փոխվարչապետի պաշտոնը։

Լուսանկարը՝ medyascope.tv-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter