Եվրամիությունը Երևանին ու Բաքվին զսպվածության կոչ է արել
Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է արել, որպեսզի կանխարգելվի Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի ապակայունացումը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Եվրամիության արտաքին քաղաքական ծառայությունը։ Միությունում ընդգծել են, որ «այս մահացու միջադեպի հետ կապված հանգամանքները պետք է ամբողջությամբ հետաքննվեն»։
«Մենք բոլոր շահագրգիռ կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն, որպեսզի կանխվի հետագա ցանկացած գործողություն, որը կարող է էլ ավելի խաթարել տարածաշրջանային կայունությունն ու վտանգել խաղաղության գործընթացը»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ երեկ առավոտյան Արցախի ՊԲ-ն հայտնեց, որ ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Ավելի ուշ, Արցախի ՆԳՆ-ն հայտնեց զոհված ոստիկանների անունները. ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետեւանքով զոհվել էին փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: Լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը ստացել էր կրծքավանդակի հրազենային վիրավորում: Արցախի առողջապահության նախարարությունն ավելի ուշ տեղեկացրել էր, որ վիրավոր ոստիկանը վերակենդանացման բաժանմունքում է՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Իր հերթին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ ունի երկու զոհ։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Բաքվին մեղադրել է զինված սադրանքի իրագործման մեջ։ Գերատեսչությունում նշել են, որ Բաքվի գործողություններն ահաբեկչական են, իսկ ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը նախապես ծրագրված և ղեկավարության կողմից հրահանգված սադրանք է եղել։
Լուսանկարը՝ REUTERS/Yves Herman/File Photo
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել