ՆԱՏՕ-ն մտահոգված է Արցախում տեղի ունեցած զինված միջադեպով
ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել նախօրեին Արցախում տեղի ունեցած զինված միջադեպի վերաբերյալ, որի հետևանքով հայկական կողմն ունի երեք զոհ։ Այդ մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Մենք խիստ մտահոգված ենք Խանքենդի/Ստեփանակերտի մերձակայքում տեղի ունեցած մահվան ելքով միջադեպի մասին հաղորդագրություններով։ Այս միջադեպը ցույց է տալիս բանակցությունների սեղանին չլուծված հարցերի լուծման որոնման հրատապությունը։ ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- գրել է իսպանացի քաղաքական գործիչը։
Very concerned with reports of deadly incident in vicinity of Khankendi/Stepanakert. This incident demonstrates the urgency to find solutions for outstanding issues at the negotiation table. #NATO supports the normalisation of relations between Armenia 🇦🇲 and Azerbaijan 🇦🇿
— Javier Colomina (@JavierColominaP) March 6, 2023
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Ավելի ուշ, Արցախի ՆԳՆ-ն հայտնեց զոհված ոստիկանների անունները. ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով զոհվել էին փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: Լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը ստացել էր կրծքավանդակի հրազենային վիրավորում: Արցախի առողջապահության նախարարությունն ավելի ուշ տեղեկացրել էր, որ վիրավոր ոստիկանը վերակենդանացման բաժանմունքում է՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։
Իր հերթին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, որ ունի երկու զոհ։
Լուսանկարը՝ ՆԱՏՕ-ի լրատվական ծառայության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել