«Մեր վերջնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելն է». Լուիս Բոնո
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել Ադրբեջանին և Հայաստանին տրամադրվող աջակցությունը խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։ Այդ մասին APA գործակալության փոխանցմամբ Բաքվում լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասում բանակցային գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոն։
«Խաղաղության պայմանագիրը պետք է կայուն լինի։ Եվ այն պետք է գնա հենց կողմերից, այլ ոչ ԱՄՆ-ից կամ մեկ այլ երկրից»,- նշել է նա։
Բոնոյի խոսքով՝ Վաշինգտոնի համար կարևոր է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շարունակեն շփումները, անկախ միջնորդության ձևաչափից։
«Մեր վերջնական նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելն է։ Խաղաղությունը ձեռնտու է երկու կողմերին էլ։ Մյունխենում հանդիպման ժամանակ երկու կողմերը հայտարարել են այն մասին, որ խաղաղություն են ուզում»,- ընդգծել է ամերիկացի դիվանագետը։
Լուիս Բոնոն հավելել է, որ վաղը մեկնելու է Հայաստան։ «Տարածաշրջան իմ այցի նպատակը կողմերի երկխոսությունը և նոր հանդիպումը խրախուսելն է»,- եզրափակել է նա։
Լուիս Բոնոն տարածաշրջանային այցով է Հարավային Կովկասում։ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հետ բանակցություններից հետո նա պատրաստվում է մեկնել նաև Վրաստան։
Լուսանկարը՝ APA գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել