HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտության կողմերին զսպվածության կոչ է անում

Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում լարվածության սրմամբ և կողմերին զսպվածության կոչ է անում։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ, որը տարածվել է այսօր՝ մարտի 6-ին։

«Լուրջ մտահոգություն ենք հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության սրմամբ։ Վերջին օրերին տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի բազմակի խախտումներ։ Մարտի 5-ին տեղի է ունեցել զինված պատահար, որը հանգեցրել է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջական կողմից զոհերի։ Խստորեն կողմերին կոչ ենք անում ցուցաբերել զսպվածություն և քայլեր ձեռնարկել իրավիճակի լարվածության թուլացման ուղղությամբ»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը։

Զախարովան ընդգծել է, որ ռուսական կողմը «վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների անշեղ պահպանման անհրաժեշտությունը»։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ «ցանկացած հարց, որը վերաբերում է ռուսական խաղաղապահ անձնակազմի պատասխանատվության գոտում անվտանգության և կենսագործունեության ապահովմանը, պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ ռուսական խաղաղապահ անձնակազմի հովանու ներքո կողմերի միջև շփման ճանապարհով»։

«Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման շրջանակներում, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման վերաբերյալ դրույթների իրականացման շրջանակներում Բաքվի և Երևանի շուտափույթ վերադարձի հրամայականությունը»,- եզրափակել է Զախարովան։

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ժամը 10։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։

Ավելի ուշ, Արցախի ՆԳՆ-ն հայտնեց զոհված ոստիկանների անունները. ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման հետեւանքով զոհվել էին փոխգնդապետ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ Արարատ Թելմանի Գասպարյանը: Լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը ստացել էր կրծքավանդակի հրազենային վիրավորում: Արցախի առողջապահության նախարարությունն ավելի ուշ տեղեկացրել էր, որ վիրավոր ոստիկանը վերակենդանացման բաժանմունքում է՝ բժիշկների հսկողության տակ, վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Լուսանկարը՝ Sputnik / Максим Блинов

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter