Չինաստանն ավելի քան 7 %-ով մեծացնում է ռազմական ծախսերը
Չինաստանը 2023 թվականին 7,2 %-ով կմեծացնի բանակի ֆինանսավորումը՝ հասցնելով մինչև 1553,7 միլիարդ յուանի (մոտ 224,8 միլիարդ ԱՄՆ դոլար)։ Այդ մասին գրում է Газета.ру-ն՝ հղում անելով Չինաստանի պետական խորհրդի տարածած հայտարարությանը։
Հայտարարության մեջ նշվում է, որ ռազմական ծախսերից զատ, 12,2 %-ով կմեծացվեն դիվանագիտական գործունեության ծախսերը, իսկ 6,4 %-ով՝ հասարակական անվտանգության։
Չինաստանի օրենսդիր մարմնի՝ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի նախագահ Վան Չաոն հայտարարել է, որ Չինաստանի ռազմական բյուջեի մեծացումը կապված է անվտանգության բարդ մարտահրավերներին պատասխանելու անհրաժեշտության և խոշոր երկրի պարտավորությունների կատարման հետ։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Չինաստանի իշխանություններն այս տարի մտադիր են արագացնել Չինական ժողովրդաազատագրական բանակի արդիականացման ծրագիրը և ուժեղացնել զորքերի մարտական պատրաստությունը։
Լուսանկարը՝ Vyacheslav Oseledko/AFP/Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել