Վուչիչի պնդմամբ՝ Սերբիան չի օգնում ոչ Ուկրաինային և ոչ էլ Ռուսաստանին
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր երկիրը սպառազինություն չի մատակարարում ոչ Ուկրաինային, ոչ էլ Ռուսաստանին։
«Սերբիան որևէ մեկին զենք չի մատակարարում։ Մենք արտադրում ենք զինամթերք և վաճառում ենք այդ զինամթերքը: <...> Մենք ոչ զենք և ոչ էլ սպառազինություն չենք վաճառել ոչ Ուկրաինային և ոչ էլ Ռուսաստանին։ Սերբիայի համար, միջազգային օրենքներին համապատասխան, գոյություն ունի, այսպես կոչված, վերջնական սպառող, և միայն այդպիսի երկրներին Սերբիան կարող է մատակարարումներ իրականացնել»,- ТАСС գործակալության փոխանցմամբ` Կատարի մայրաքաղաք Դոհայում լրագրողներին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Նա նշել է, որ Սերբիան լրացուցիչ քայլեր է ձեռնարկել երրորդ կողմին սպառազինության փոխանցում թույլ չտալու համար՝ դրա մասին նշում անելով յուրաքանչյուր պայմանագրում։ Ըստ Վուչիչի՝ դրանք ներառված են նաև Թուրքիա մատակարարումների պայմանագրերում, որոնցում վերավաճառքի արգելք է դրված՝ առանց Բելգրադի համաձայնության։
Վուչիչը հիշեցրել է, որ ավելի վաղ սերբական «Կրուշիկ» ռազմական ձեռնարկությունն արդեն իսկ մեղադրվել էր հակամարտության գոտիներ մատակարարումների համար։ «Քանի տարի պահանջվեց, որ դուրս գանք «Կրուշիկի» պատմությունից, իսկ հիմա պարզ դարձավ, որ դրա հետևում կանգնած է բուլղարական ռազմական ընկերություններից բաղկացած մաֆիան»,- ասել է Սերբիայի նախագահը՝ հավելելով, որ նման մեղադրանքների նպատակը Ռուսաստանում Սերբիայի վարկը գցելն է։
«Դուք ուզում եք, որ մենք ոչնչացնե՞նք Սերբիան, պաշտպանական արդյունաբերությունը, թե՞ ուզում եք, որ մենք վաճառենք, երբ չկան պատերազմներ։ Ո՞ւմ այդ ժամանակ վաճառենք, երբ չկան պատերազմներ։ <...> Մենք մաքուր ենք արցունքի պես, բայց մենք ուզում ենք փող աշխատել։ Մենք կներդնենք ևս 100 միլիոն եվրո մեր պաշտպանական արդյունաբերության մեջ»,- հայտարարել է Սերբիայի առաջնորդը։
Մարտի 2-ին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել էր, որ ռուսական կողմը Բելգրադից պաշտոնական դիրքորոշում է խնդրել Ուկրաինա սերբական սպառազինության մատակարարումների վերաբերյալ տեղեկատվության առնչությամբ։ Ավելի վաղ նա հայտնել էր այս տեղեկատվության վերաբերյալ Մոսկվայի «խորը մտահոգության» մասին և նշել, որ ՌԴ-ն ուշադրությամբ հետևում է իրավիճակի զարգացմանը։
Լուսանկարը՝ AP Photo / Darko Vojinovic
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել