Ջոն Քենեդու զարմիկը մտադիր է մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին
ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու զարմիկը՝ իրավաբան ու քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդի կրտսերը դիտարկում է 2024 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածության առաջադրման հնարավորությունը։ Այդ մասին հայտնել է Fox News հեռուստաընկերությունը։
«Այո, ես մտածում եմ այդ մասին»,- հեռուստաընկերությունը մեջբերել է 69-ամյա Քենեդու խոսքերը, որն ուրբաթ օրը Նյու Հեմփշիր նահանգում ելույթ էր ունենում միջոցառումներից մեկի ժամանակ։ «Ես հաղթահարել եմ գլխավոր խոչընդոտը՝ կանաչ լույս ստանալով կնոջիցս»,- նշել է նա։
Քաղաքական գործիչը սենատոր Ռոբերտ Քենեդու (1925-1968) որդին է և ԱՄՆ նախկին առաջնորդ Ջոն Քենեդու (1917-1963) զարմիկը։ Հեռուստաընկերությունն ընդգծում է, որ Ռոբերտ Քենեդի կրտսերը մտադիր է հավակնել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից թեկնածության առաջադրմանը։
2022 թվականի նոյեմբերին ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը հայտարարել էր 2024 թվականի նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին։ Գործող նախագահ, դեմոկրատ Ջո Բայդենը դեռև նոյեմբերի 9-ին էր հայտարարել, որ պատրաստվում է պայքարել վերընտրման համար, սակայն նշել էր, որ վերջնական որոշում կկայացնի միայն այս տարվա սկզբին։
Հանրապետական կուսակցությունից ընտրություններին մասնակցության հավակնություն է ներկայացրել նաև Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ ու ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին։ Ավելին, 2024 թվականի ընտրություններին Հանրապետական կուսակցությունից մասնակցելու մտադրության մասին հնարավոր է հայտարարեն նաև Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանթիսը, նախկին փոխնախագահ Մայք Փենսը, Հարավային Կարոլինայից սենատոր Թիմ Սքոթը, Նյու Հեմփշիրի նահանգապետ Քրիս Սունունուն և Արկանզասի նախկին նահանգապետ Ասա Հաթչինսոնը։
Լուսանկարը՝ Virginia Mayo/AP Photo
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել