HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հունգարիան կարող է ապրիլին իր դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ

Հունգարիան պլանավորում է Իսրայելում իր դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։ Ինչպես հայտնում է The Times of Israel-ը, դա արդեն կարող է լինել ապրիլ ամսին։ 

Իսրայելական պարբերականի տվյալներով՝ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել մի քանի օր առաջ երկու երկրների վարչապետներ Վիկտոր Օրբանի ու Բենյամին Նեթանյահուի մակարդակով։ Պարբերականը գրում է, որ դիվանագիտական ներկայացուցչության նախատեսվող տեղափոխությունը համաձայնեցնում են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Էլի Քոենը և Պետեր Սիյարտոն։ 

Ինչպես նշում են պարբերականի աղբյուրները, այս քայլը կարող է պայմանավորված լինել Հունգարիայի և Իսրայելի կառավարությունների ղեկավարների միջև առկա ջերմ բարեկամական հարաբերություններով։ The Times of Israel-ի աղբյուրները նշում են, որ Օրբանի կողմից այդ խորհրդանշական ժեստը կարող է լինել իսրայելցի գործընկերոջն օգնության փորձ, որի համար Երուսաղեմում եվրոպական պետության դեսպանության բացումը կդառնա դիվանագիտական կարևոր ձեռքբերում՝ Իսրայելում ներքին քաղաքական իրավիճակի սրման ֆոնին։

Եթե այդ պլաններն իրականություն դառնան, Հունգարիան կդառնա Եվրամիության առաջին երկիրը, որի դեսպանությունը կտեղակայվի Երուսաղեմում։ 2019 թվականից այդ քաղաքում գործում է հունգարական առևտրային ներկայացուցչությունը։ 

Հունգարիայի նախագահ Կատալին Նովակը, որն այցով գտնվում է Չեխիայում, արձագանքել է իսրայելական պարբերականի հրապարակմանը։ Նրա խոսքով՝ Հունգարիայի իշխանությունները դեռևս որոշում չեն կայացրել դեսպանության տեղափոխության հարցի շուրջ։ «Ես ևս նորություններ եմ կարդում, որոնք հրապարակում են լրատվամիջոցները։ Հունգարիան դեռևս որոշում չի կայացրել այն մասին, որ մենք տեղափոխենք մեր դեսպանությունը Իսրայելում»,- Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Նովակը։ 

Չեխիայի նախագահն իր հերթին ևս հայտարարել է, որ կողմնակից է, որ Չեխիան ևս իր դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխի Երուսաղեմ։ 

Երուսաղեմի կարգավիճակը իսրայելա-պաղեստինյան հիմնախնդրի կարևորագույն կետերից մեկն է։ Իսրայելը 1967 թվականի պատերազմի ժամանակ զբաղեցրել է քաղաքի արևելյան հատվածը և պնդում է, որ Երուսաղեմը Իսրայելի՝ միացյալ ու անբաժանելի մայրաքաղաքն է։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մերժում է Արևելյան Երուսաղեմի նկատմամբ իրավունքը և ՄԱԿ-ի անդամ երկրներին կոչ է արել իրենց դիվանագիտական ներկայացուցչությունները դուրս բերել այդ քաղաքից։ 

2017 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք և հանձնարարեց այնտեղ տեղափոխել ամերիկյան դեսպանությունը։ Միջազգային հանրությունն այս քայլին բացասաբար արձագանքեց՝ համարելով, որ այն կարող է խախտել Մերձավոր Արևելքում խաղաղ գործընթացը։

Ամերիկյան դեսպանությունը Երուսաղեմում սկսեց գործել 2018 թվականի մայիսի 14-ից։ Երկու օր անց Երուսաղեմում տեղակայվեց նաև Գվատեմալայի դեսպանությունը։ Բացի այս երկու դիվանագիտական ներկայացուցչություններից, Երուսաղեմում հիմա գործում է նաև Հոնդուրասի դեսպանությունը և մասամբ ճանաչված Կոսովոյի դիվանագիտական առաքելությունը։

Փետրվարի 26-ին Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Երուսաղեմում իր դեսպանությունը կբացի նաև Պապուա Նոր Գվինեան։ Դա տեղի կունենա 2023 թվականի ընթացքում, որի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել երկու երկրների արտաքին գործերի նախարարների միջև։

Լուսանկարը՝ Haim Zach/ GPO/ Flash90

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter