ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կայցելի Ղազախստան
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կայցելի Ղազախստան։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 24-ին, հայտարարել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Այցը նախատեսված է փետրվարի 28-ին։ Նշվում է, որ սա ԱՄՆ պետքարտուղարի առաջին պաշտոնական այցն է Կենտրոնական Ասիայի այդ երկիր։
Սպասվում է, որ պետքարտուղարը կհանդիպի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և բանակցություններ կվարի փոխվարչապետ, Ղազախստանի ԱԳ նախարար Մուխտար Տլեուբերդիի հետ։ Նույն օրն Աստանայում, ԱՄՆ պետքարտուղարի մասնակցությամբ, կկայանա Կենտրոնական Ասիայի երկրների ու ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը՝ С5+1 ձևաչափով։
«Օրակարգում ԱՄՆ-ի հետ տարածաշրջանային համագործակցության և գործընկերության հետագա զարգացման հարցերն են»,- նշել են Ղազախստանի ԱԳՆ-ում։ Ղազախստանից հետո Բլինքենը կայցելի նաև Ուզբեկստան ու Հնդկաստան։
С5+1 ձևաչափը Կենտրոնական Ասիայի 5 երկրների (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան) ու ԱՄՆ-ի միջև փոխգործակցության բազմակողմ մեխանիզմ է։ Այն ստեղծվել է 2015 թվականին՝ տնտեսության, բնապահպանության և անվտանգության ոլորտներում տարածաշրջանային հարցերի քննարկման համար։
Լուսանկարը՝ AFP-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել