HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ-ն հայտարարում է Բրյուսելում հայ-ադրբեջանական բանակցությունների նոր հնարավորության մասին

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը Պետքարտուղարությունում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ առաջիկա օրերին Բրյուսելում հնարավոր է կայանան հայ-ադրբեջանական բանակցություններ` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորությամբ։

«Դա կողմերի փոխգործակցության արդյունքն է: Սա եղել է Միացյալ Նահանգների հետ երկկողմ շփումների, Միացյալ Նահանգների հետ եռակողմ շփումների արդյունքում, ինչպես նաև՝ այն աշխատանքի շնորհիվ, որ կատարել է Եվրամիությունն իր դիվանագիտության միջոցով, և մենք հենց դա հույս ունենք տեսնել Բրյուսելում առաջիկա օրերին, երբ կողմերը հանդիպեն Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կազմակերպած բանակցությունների շրջանակում: Այսպիսով, մենք հույս ունենք տեսնել այդ առաջընթացի շարունակությունը»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը։ Թե կոնկրետ ինչ մակարդակով են լինելու բանակցությունները, Փրայսը չի մանրամասնել։

Խոսելով հայ-ադրբեջանական բանակցություններում Միացյալ Նահանգների դերակատարության մասին՝ Փրայսը նշել է, որ բոլոր հանդիպումների ընթացքում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերահաստատել է ամերիկյան կողմի հանձնառությունը՝ պաշտպանելու ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները, որոնք են՝ ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելը՝ հիմնված միջազգային կարգի վրա։

Նա նաև հավելել է, որ ամերիկյան կողմը չափից դուրս լավատես չէ, «բայց մենք ամեն կերպ շարունակում ենք աջակցել այս երկխոսությանը, այս դիվանագիտությանը՝ համապարփակ լուծման ուղղությամբ»: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ առաջընթացը շարունակվի»,- հայտարարել է Նեդ Փրայսը։

Ենթադրվում է, որ նոր բանակցությունները կարող են լինել Փաշինյան-Ալիև մակարդակով, եթե հյուրընկալողը լինի Շառլ Միշելը։ Եվրոպական խորհրդի նախագահը Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպել էր Մյունխենի անվտանգության 59-րդ համաժողովի շրջանակներում։ Ավելի ուշ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդլայնված կազմով եռակողմ հանդիպում էր ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ։ Կողմերն այդ բանակցությունները կառուցողական էին անվանել։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter