
Թուրքիայում մտադիր չեն հետաձգել առաջիկա նախագահական ընտրությունները
Թուրքիայի իշխանությունները չեն պատրաստվում երկրաշարժերի պատճառով հետաձգել առաջիկա նախագահական ընտրությունները և հանդես են գալիս մայիսի 14-ին դրանց անցկացման օգտին։ Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է թուրքական Habertürk հեռուստաընկերությունը՝ հղում անելով Արդարություն և զարգացում կուսակցության իր աղբյուրներին, որը Ազգայնական շարժում կուսակցության հետ ձևավորում է իշխող «Ժողովրդական դաշինք» կոալիցիան։
Հեռուստաընկերությունը նշել է, որ մտադրությունը հաստատվել է այս շաբաթ ԱՇԿ-ի առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ Էրդողանի հանդիպման ժամանակ։
Seçim 14 Mayıs’ta, tarihte değişiklik öngörülmüyor
— Habertürk (@Haberturk) February 18, 2023
Kübra Par yazdı... @kubrapc https://t.co/zuVREUJJSf pic.twitter.com/ofV0MCvK8h
Թուրքական ընդդիմությունը պնդում է, որ նախագահական ու խորհրդարանական համազգային ընտրությունները չհետաձգվեն և կայանան մայիսի 14-ին։ Ավելի վաղ, ընդդիմադիր լրատվամիջոցները գրում էին, որ Թուրքիայի իշխանությունները կարող են հետաձգել դրանք՝ այդ երկրում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի պատճառով։ Թուրքիայի սահմանադրության համաձայն՝ ընտրությունները պետք է կայանան ոչ ուշ, քան հունիսի 18-ը։
7,8 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը Թուրքիայում տեղի էր ունեցել փետրվարի 6-ին՝ տեղի ժամանակով 04:17-ին (Երևանի ժամանակով՝ 05:17-ին)։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գազիանթեփ քաղաքի մոտ` 17,9 կիլոմետր խորության վրա։ Դրան հաջորդել է ավելի քան 40 հետցնցում։ Այնուհետև, տեղի ժամանակով մոտ 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 14:30-ին) տեղի էր ունեցել երկրորդ երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել էր 7,7 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ նահանգի Էլբիստան շրջանում։
Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել էին հարյուրավոր հետցնցումներ, զգացվել էին նաև հարևան երկրներում, որոնցից ամենաշատը տուժել է Սիրիայի հյուսիսը։ Վերջին տվյալներով՝ Թուրքիայում զոհերի թիվը հասել է 40 642-ի, տուժել ավելի քան 108 հազար մարդ։ Սիրիայում էլ, ըստ Al Jazeera-ի տվյալների, կա ավելի քան 5 800 զոհ։
Լուսանկարը՝ Chris McGrath/Getty Images
Մեկնաբանել