HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վճռաբեկ դատարանում այսօր վճռվում է իմ ճակատագիրը

Անազատության մեջ անցկացրած 16 տարիներին մեկ օր անգամ չեմ դադարել պայքարել, որպեսզի արդարությունն, ի վերջո, վերականգնվի, որպեսզի ապացուցեմ, որ այս տարիներին չեմ դադարել հասարակության լիարժեք անդամ լինել: Օգտագործել եմ բոլոր հնարավոր միջոցները. առաջինն էի ցմահ դատապարտյալներից, ով նախաձեռնեց վիճարկել ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի 2003 թ-ի օգոստոսի 1-ի հրամանագիրը, որով մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկման:

Վերջերս ամիսներ ձգձգված դատավարությունից հետո առաջին ատյանի դատարանը մերժեց բավարարել իմ փաստաբանների ներկայացրած օրինական խնդրանքը` վախենալով ընդունել, որ, իրոք, նախագահ Քոչարյանը խախտել է Սահմանադրությունը և մի շարք այլ օրենքներ:

Առաջին դեպքն է նաև, որ 16 տարի անց մահապատժացմահականի գործում նոր երևան եկած հանգամանքների հիմքով առաջացել է քրեական գործի վերաբացման հնարավորություն: Այն, ինչ իմ ընտանիքն ու ես, նաև տարբեր փաստաբաններ`իրենց տեղեկանքներում տարիներ շարունակ պնդում էինք, այսօր դարձել է ապացուցելի:

Խոսքը վերաբերում է 1996 թ-ի «արդարադատությանը», երբ ինձ` 20-ամյա ուսանողիս, դատապարտեցին գնդակահարության` գործով մյուս մեղադրյալի քառակի անգամ փոփոխված ցուցմունքներից մեկով` առանց հիմնավոր ու անհերքելի ապացույցների, քննչական գործողությունների կոպիտ խախտումներով:

Սա, իրոք, բեկումնային պահ է, շրջադարձ, և արդարադատություն իրականացնողներից է կախված` գնալու ենք դեպի ետ մինչև 1990-ականների ամենաթողության տարիները, թե իսկապես սրբագրելու  ենք մեր դատաիրավական «կենսագրությունը»` դրանով իսկ ցույց տալով աշխարհին ու առաջինը` մեր հանրությանը, որ մարդը, նրա արժանապատվությունը և հիմնական իրավունքները և ազատությունները Հայաստանում բարձրագույն արժեք են ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ, այլև գործնականում:

Նոր երևան եկած հանգամանքներով 16 տարի անց քրեական գործ վերաբացելը իսկապես ինդիկատոր է ցույց տալու համար՝ կա՞ արդյոք ԿԱՄՔ դատաիրավական ոլորտի բարեփոխումները դարձնել առավել շոշափելի:

Վճռաբեկ դատարանում այսօր վճռվում է իմ ճակատագիրը: Ու զգացողությունները նույնն են, ինչ-որ 16 տարի առաջ, երբ 3 ամսվա մեջ տարօրինակ արագությամբ ինձ դատապարտեցին գնդակահարության: Ուստի այս աննախադեպ ծայրահեղ պահին գտնում եմ, որ ծայրահեղ քայլերի ժամանակն է: Այստեղ` «Նուբարաշենի» կլոր «գերեզմանոցում» 24 ժամ չորս պատերի մեջ փակված դատապարտյալիս համար  ծայրահեղ քայլերը ևս սահմանափակ են: Ու քանի որ հացադուլը համարում եմ վաղուց արժեզրկված բողոքի ձև Հայաստանում և ինքս էլ հազվադեպ եմ կիրառել այն, հայտարարում եմ, որ հունիսի 11-ից հրաժարվելու եմ թե՛ ջրից, թե՛ հացից: Որպես բժիշկների ընտանիքի զավակ և ինքս էլ թերի բարձրագույն բժշկական կրթությամբ` գիտեմ, որ այդպես մարդու օրգանիզմը կարող է դիմանալ ընդամենը տասն օր:

Հայտարարությունս խնդրում եմ ամենևին չդիտել որպես ճնշման փորձ դատարանի վրա: Պարզապես սպառվում են արդարության հասնելու բոլոր ճանապարհները: Նոր երևան եկած հանգամանքները վերջին հույսն են ապացուցելու, որ 16 տարի առաջ բացառապես մեկ մարդու ցուցմունքով են ինձ դատապարտել մահապատժի:

Մի զրկեք մարդուն ՀՈՒՅՍԻՑ…     

«Նուբարաշենի» կլոր գերեզմանոցից
հարգանքով`Մհեր Ենոքյան

Հ.Գ. Այս նամակը ես արդեն ուղարկել եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին, ԱՆ Հրայր Թովմասյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter